Այսօր՝ օգոստոսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 79-րդ կմ հատվածում՝ Միրաք գյուղի վարչական տարածքում, բախվել են «Nissan Elgrand» և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է դաշտում, իսկ «Nissan Elgrand»-ը կողաշրջվել է, այս մասին հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, որոնք նրանց դուրս են բերել ավտոմեքենաներից։ Այնուհետև օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Ապարան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել վիրավորներին, ապա տեղափոխել հիվանդանոց։

Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։