2012 թվականին քրեական հեղինակություն Իլգար Ալիեւին, որը «օրենքով գող» Ասլան Ուսոյանի (հայտնի է «Դեդ Հասան» մականունով) մտերիմ համախոհն էր, սպանած քիլերը ձերբակալվել է Մոսկվայում, շաբաթ «Ինտերֆաքսին» հայտնել է լավատեղյակ աղբյուրը:
«Մայիսի 31-ին Մոսկվայում ՌԴ ՆԳՆ եւ ԱԴԾ աշխատակիցները ձերբակալել են ծագումով Ադրբեջանից, 1983 թվականի ծնված Թալիբհանլի Հաջիբաբա Թահիօղլիին, որը մերկացվել է 2012 թվականին տեղի ունեցած սպանության մեջ»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով՝ 2012-ի ապրիլին Մոսկվայում ատրճանակով գնդակահարել են քրեական հեղինակություն Իլգար Ալիեւին, որը հայտնի է որպես «Իլգար Դանաբաշ», եւ նրա երիտասարդ ուղեկցորդուհուն:
Նրա խոսքով՝ ձերբակալվածը նույնպես քրեական հեիղնակություն է եւ հայտնի է «Հաջի Բեյլագանսկի» մականունով:
Միեւնույն ժամանակ, նա հերքել է լրատվամիջոցների տեղեկություններն այն մասին, որ ձերբակալվել է Ուսոյանի անմիջական մարդասպանը:
ՌԴ Քննչական կոմիտեի մայրաքաղաքի ղեկավարության ներկայացուցիչ Յուլյա Իվանովան, իր հերթին, «Ինտերֆաքսին» հայտնել է, որ 2012 թվականին կատարված սպանության համար ձերբակալված տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Քննության վարկածով՝ 2012 թվականի ապրիլի 19-ին մեղադրյալը գտնվելով Մոսկվայի Պրեսնենսկիյ Վալ փողոցում, հրազենից կրակել է «Տոյոտա Լենդ Կրուզեր» ավտոմեքենայի վրա, որի մեջ են եղել 1960 թվականի ծնված տղամարդ եւ 1986 թվականի ծնված կին: Ստացած հրազենային վնասվածքներից տղամարդը տեղում մահացել է, իսկ կինը ողջ է մնացել ժամանակին ցույց տրված բժշկական օգնության շնորհիվ:
Քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանը (մականունը «Դեդ Հասան») դիպուկահարի կողմից գնդակահարվել է 2013-ի հունվարին Մոսկվայի կենտրոնում:



























