Վրաստանի ՆԳՆ-ն Թբիլիսիում երկու դպրոցականների սպանության գործի կրկնակի հետաքննության շրջանակում ձերբակալել է առաջին մեղադրյալին: Այս մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը:
Ոստիկանությունը ձերբակալել է 45-ամյա Մերաբ Մորչաձեին: Նա մեղադրվում է վկայի, տուժողի, փորձագետի կամ թարգմանչի վրա ճնշում գործադրելու համար:
Նշվում է, որ ոստիկանությունը Մորչաձեին ձերբակալել է նոր ապացույցների եւ դատական որոշման հիման վրա:
Հիշեցնենք, որ զանգվածային բողոքի ակցիաների ֆոնին Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու հանձնարարությամբ 2017 թվականի դեկտեմբերի 1-ին տեղի ունեցած 16-ամյա դպրոցականներ Դավիթ Սարալիձեի եւ Լեւան Դադունաշվիլիի սպանության գործը կրկնակի հետաքննության համար փոխանցվել է Ներքին գործերի նախարարությանը:
Հետաքննության շրջանակում վկաները նորից հարցաքննվում են: Բոլոր քննչական միջոցառումները վերաբերում են հանցագործության հնարավոր կոծկմանը, ինչպես նաեւ վկաների վրա հնարավոր ճնշման գործադրմանը:





























