Հյուսիսային Կորեայի առաջնորդ իմ Չեն Ընը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ասել է, որ իր կարծիքով՝ Սինգապուրում Հյուսիսային Կորեա-ԱՄՆ գագաթնաժողովը շատերին գիտական ֆանտաստիկա կթվա: «Աշխարհում շատերը դրա մասին կմտածեն որպես յուրատեսակ ֆանտազիա…գիտաֆանտաստիկ ֆիլմից»,- Թրամփին թարգմանչի միջոցով ասել է Կիմ Չեն Ընը դեմ առ դեմ հանդիպման եւ ընդլայնված կազմով բանակցությունների ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հյուսիսային Կորեայի առաջնորդի ասածը եւ դրա թարգմանությունը լսել են Թրամփի նախագահական լրագրողական խմբի ներկայացուցիչները:

Պատմության մեջ առաջին ամերիկա-հյուսիսկորեական գագաթնաժողովն ընթանում է Սինգապուրի մնացյալ հատվածից կամուրջով առանձնացված Սենթոս կղզու «Կապելա» հյուրանոցում: Երկու երկրների առաջնորդները նախատեսել են քննարկել Կորեական թերակղզու ամբողջական ապամիջուկայնացման եւ խաղաղության երաշխիքների հարցերը, ամերիկա-հյուսիսկորեական հարաբերությունների կարգավորումը: