Հյուսիսային Կորեայի հրթիռա-միջուկային պոտենցիալի ամբողջական վերացումը նվազագույնը 10 տարի կտեւի եւ կպահանջի Փհենյանի էական պարգեւատրում, ներառյալ Վաշինգթոնի հետ չհարձակման մասին պայմանագրի ստորագրումը: Երեքշաբթի ճապոնական Nikkei պարբերականում հրապարակված հարցազրույցում այսպիսի տեսակետ է հայտնել Հարավային Կորեայի նախագահի՝ միավորման, միջազգային հարաբերությունների եւ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մուն Չժոն Ինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Հարավային Կորեային, ԱՄՆ-ին եւ Ճապոնիային սպառնացող հյուսիսկորեական միջուկային զենքի, ռադիոակտիվ նյութերի եւ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների հարցը կարող է լուծվել 2,5 տարում,- կարծում է նա: - Սակայն համապատասխան օբյեկտների վերացման հետ միասին ամբողջ գործընթացը կարող է ավարտվել 10 տարում»:

«Դրա դիմաց Հյուսիսային Կորեան կպահանջի 3 տեսակի երաշխիքներ՝ քաղաքական, ռազմական եւ տնտեսական: Հարցն այն է, թե այդ իմաստով ինչ կառաջարկի ԱՄՆ-ն»,- ասել է նախագահի խորհրդականը:

Խորհրդականի կարծիքով՝ Փհենյանը, հավանաբար, կպահանջի Միացյալ Նահանգների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատում, նրա հետ Չհարձակման եւ միջուկային զենքի չկիրառման մասին պայմանագրի կնքում, ինչպես նաեւ Արժույթի միջազգային հիմնադրամ եւ Ասիական զարգացման բանկ Հյուսիսային Կորեային ընդունելու համաձայնություն: Սա Փհենյանի համար, մասնավորապես, շահավետ պայմաններով ֆինանսավորում ստանալու հնարավորություններ կստեղծի:

Երեքշաբթի Սինգապուրում տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի առաջին հանդիպումը: Այն ավարտվել է համատեղ փաստաթղթի ստորագրմամբ: