Գերմանացի քաղաքական գործիչները թերահավատորեն են վերաբերվում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի գագաթաժողովի արդյունքներին: Բունդեսթագի արտաքին քաղաքականության կոմիտեի ղեկավար, քրիստոնյա դեմոկրատ Նորբերտ Ռյոտտգենը «դեռեւս քիչ հավանական է» համարում, որ Կիմ Չեն Ընը կհրաժարվի իր միջուկային ծրագրից, հայտնում է DW-ն:
Քաղաքական գործչի խոսքով, «Թրամփի անձնական հեղինակության եւ պատմական արդյունքի մրցավազքի պատճառով ԱՄՆ-ն թույլի դիրքում հայտնվեց»: Մինչդեռ Կիմ Չեն Ընի համար գագաթաժողովը մեծ հաջողություն էր միջազգային ճանաչման հասնելու ձգտման գործում:
ԳՍԴԿ-ի նախագահ Անդրեա Նալեսը նախազգուշացրել է Թրամփի եւ Կիմ Չեն Ընի համաձայնագրերի նշանակության վաղաժամկետ գնահատականի համար եւ կոչ է արել սպասել մինչեւ դրանք չհաստատվեն: Քաղաքական գործչի խոսքով, G7-ի գագաթաժողովը ցույց տվեց, որ Թրամփի համար «պարտավորությունները, համաձայնագրերը եւ պայմանագրերը մեծ նշանակություն չունեն»:
Բունդեսթագում «Կանաչների» խմբակցության ղեկավար Անտոն Հոֆրայթերի (Anton Hofreiter) խոսքով, Թրամփի հայտարարությունները «կորցնում են իրենց արժեքի կեսը այն ժամանակ, երբ նա Twitter-ում մեկ հաղորդագրություն է գրում»:
Կիմ Չեն Ընին նույնպես կարելի է դժվարությամբ վստահել, ասել է քաղաքական գործիչը: «Այս դեպքում մենք գործ ունենք երկու մարդկանց հետ, որոնք մեղմ ասած, անկայուն բնավորություն ունեն», - ասել է Հոֆրայթերը:
Ձախ կուսակցության ղեկավար Կատյա Քիփինգը կարծիք է հայտնել, որ Կորեական թերակղզու ապամիջուկայնացման խոստումն «արժե այն թուղթը, որի վրա այն գրված է»: Նրա խոսքով, երկուսն էլ անկանխատեսելի առաջնորդներ են, որոնց համար սեփական անձը ավելի կարեւոր է, քան մարդկանց բարեկեցությունը:





























