Ազգային Ժողովի` մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովը չի կարողացել տալ այն հարցի պատասխանը, թե ում գործողությունների պատճառով են զոհվել 10 քաղաքացիներ: Այդ մասին Ազգային Ժողովի սեպտեմբերի 17-ին կայացած նիստում հայտարարել է ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, ԱԺ փոխխոսնակ Սամվել Նիկոյանը:
Ընդ որում, վերջինս դրա մեղքը բարդել է ընդդիմության եւ հասարակության վրա, որոնք հրաժարվել են տեղեկություներ տրամադրել իրենց հանձնաժողովին: Մինչդեռ հանցագործութունների բացահայտումը քննիչների պարտականությունն է:
«Հանձնաժողովի փաստաթղթերը բավարար չեն եղել այդ հարցին պատասխանելու համար: Հանձնաժողովը երկարացրեց իր աշխատանքի ժամկետը, դիմեց ցուցարարներին, հանրությանը, որ տեղեկություններ տան, բայց ցավոք նման օժանդակություն չունեցանք»,- արդարացել է Նիկոյանը:
Դրա փոխարեն հանձնաժողովը զեկույցը կազմելիս ուշագրավ ձեւ է գտել` մահվան հանգամանքների մասին նշելու. Նախ ներկայացրել է լուծարված փաստահավաք խմբի նախկին անդամների զեկույցները` կից դնելով նախաքննական մարմնի հերքումները: «Այն վերջնական եզրակացությունը եւ մարդասպանների անունները, որ սպասում էր հասարակությունը, որեւէ մեկը չէր կարող տալ»,- հայտարարել է Նիկոյանը:
Հիշեցնենք, որ Փաստահավաք խմբի պատրաստած զեկույցներում հստակ երեւում է, թե մասնավորապես հատուկ միջոցներից սպանված 3 քաղաքացիների մահվան համար մեղավոր 4 ոստիկաններից ով որտեղ է տեղակայված եղել: Իսկ քանի որ հայտնի է նաեւ 3 քաղաքացիների սպանության վայրը, հստակ պարզ է դառնում, թե կոնկրետ որ ոստիկանը ում է սպանել:




























