Հայաստանյան անշարժ գույքի գործակալություններն ակնհայտորեն վախեցած են Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից: Գրեթե բոլոր գործակալությունները հրաժարվում են տեղեկատվություն տրամադրել վերջին մեկ տարվա ընթացքում բնակարանների գների նվազման վերաբերյալ, իսկ մի մասն էլ ուղղակի հայտարարում են, թե իրավասու չեն կոնկրետ տոկոսներ նշել եւ ցույց են տալիս Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տեղը, որպես միակ իրավասու մարմին:
Ամենայն հավանականությամբ, խնդիրը Հայաստանում մոլեգնող ֆինանսատնտեսական ճգնաժամն է, որի պատճառով վերջին մեկ տարվա ընթացքում անշարժ գույքի գներն աղետալի անկում են արձանագրում: Դա ոչ միայն հարվածում է անշարժ գույքի գործակալությունների գրպանին, այլեւ կարող է խուճապի մատնել շարքային այն քաղաքացիներին, որոնք ցանկանում են վաճառել իրենց բնակարանները: Պոտենցիալ գնորդները, իմանալով, որ բնակարանների գներն անընդհատ նվազում են, բնականաբար չեն շտապի տուն գնել՝ հուսով, որ կարող են ավելի էժան գներով գնել իրենց ցանկալի բնակարանը:
Երեւանում գործող խոշորագույն «Ակցեռն» անշարժ գույքի կորպորացիայում ուղղակի հրաժարվեցին տեղեկատվություն տրամադրել՝ «Մենք նման ինֆորմացիա չենք տալիս» ասելով:
Մի քանի գործակալություններում էլ, լսելով NEWS.am-ի հարցը, հայտարարեցին, թե մասնագետը տեղում չէ եւ խոհուրդ տվեցին զանգել մի քանի ժամից: ԲՆականաբար, մի քանի ժամից էլ այդ մասնագետը «չժամանեց» աշխատանքի, եւ մենք մնացինք առանց պատասխանի:
Անշարժ գույքի «VVP» գործակալությունում էլ ուշադիր լսեցին մեր հարցը եւ … ասացին, թե հիմա իրենց մոտ վերանորոգում է, մասնագետները տեղում չեն եւ չեն կարող պատասխանել:
Միակը «Կասկադ» գործակալությունն էր, որտեղ հաճելի ձայնով մի աղջնակ ասաց, թե կոնկրետ թվեր չեն կարող ասել, բայց գներն ամբողջ քաղաքով վերջին մեկ տարվա ընթացքում նվազել են միջինը 30-35 տոկոսով:
Իսկ որ գները նվազում են ու նվազում են անընդհատ, վկայում է նույնիսկ NEWS.am-ի կատարած փոքրիկ հարցախույզը անհատ բրոքերների շրջանում, որոնք, ի դեպ, չցանկացան բացահայտել իրենց ինքնությունը: Ըստ մեր զրուցակիցների՝ վերջին մեկ տարվա ընթացքում բնակարանների գները, հատկապես Երեւանի ծայրամասերում, նվազել են առնվազն 40-50 տոկոսով եւ շարունակում են նվազել: NEWS.am-ի զրուցակիցներից մեկը հայտնեց, որ 2008թ. Ավան համայնքում երեք սենյականոց միջին վիճակի բնակարանները՝ բարձրահարկ շենքի միջին հարկերում վաճառվել են 70-80 հազար ԱՄՆ դոլարով, մինչդեռ այս պահին Ավանում ցանկացած երեք սենյականոց կարելի է գնել 40-45 հազարով: Գրեթե նույն վիճակն է նաեւ Դավթաշեն համայնքում, որտեղ անցած տարի երեք սենյականոցը կարելի էր գնել 90-100 հազարով, իսկ այժմ կան բազմաթիվ վաճառվող բնակարաններ՝ 50-60 հազար դոլար արժողությամբ: Գների այս տատանումն էլ կախված է նախագծից, մակերեսից կամ վերանորոգման աստիճանից: Ի դեպ, վիճակը նույնն է ողջ քաղաքի մասշտաբով:
Զարմանալի է, բայց Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կայքը բոլորովին այլ թվեր է ներկայացնում, համաձայն որոնց՝ Երեւանում գները նվազել են աննշան չափով: Ըստ Կադաստրի կոմիտեի՝ 2008թ. մայիսին Կենտրոն համայնքում մեկ քմ-ի գինը կազմել է 477400 դրամ, 2009-ի մայիսին՝ 461300 դրամ, Արաբկիրում՝ համապատասխանաբար 416300 եւ 354400 դրամ, Ավանում՝ 268300 եւ 221500, Դավթաշենում՝ 290200 եւ 252600 դրամ եւ այսպես շարունակ ողջ քաղաքում: Միջինը Երեւան քաղաքում 2008թ. մայիսին մեկ քմ-ն վաճառվել է 298800 դրամով, իսկ 2009թ. մայիսին՝ 259700 դրամով: Ըստ Կադաստրի՝ ստացվում է, որ Երեւանում գները մեկ տարվա ընթացքում նվազել են 13,1 տոկոսով, ինչը, մեղմ ասած, հեռու է իրականությունից: Իսկ մեր քաղաքացիները շարունակում են բնակարաններ գնել ու վաճառել ոչ թե Կադաստրի ներկայացրած, այլ իրական գներով, որոնք, որոնք մայիսից այս կողմ ավելի են նվազել:



















