Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝  թուրքական Bugun պարբերականի Անկարայի ներկայացուցիչ Ադեմ Յավուզ Արսլանը օդանավում Էրդողանին է նվիրել մեկ շաբաթ առաջ իր հեղինակությամբ լույս տեսած «Մի հայ կա. Հրանտ Դինքի գործողության ծածկագրեր» գիրքը։  Էրդողանը հարցրել է լրագրողին, թե գրքում նա հանցանքը որտե՞ղ է ներկայացրել՝ Տրապիզոնո՞ւմ, թե՞ Շիշլիում։

«Իրերն ամբողջությամբ եմ հետազոտել։  Անկարա, Ստամբուլ եւ Տրապիզոն։ Ավելի շատ ներկայացրել եմ սպանությունից առաջ տեղի ունեցածը եւ թե ինչպես է Թուրքիան պատրաստվել այդ սպանությանը»,-պատասխանել է լրագրողը։ Էրդողանը շարունակել է զրույցը՝ նշելով, թե իրագործողները հայտնի են, սակայն պատվիրատուները՝ դեռ ոչ:

Bugun-ի լրագրողը շեշտել է, թե այս հանցանքը եւ քրիստոնյաների նկատմամբ իրականացված մյուս հանցանքներն իրականացվել են հոգեբանական որոշակի մթնոլորտի հետեւանքով։ «Բոլոր սպանությունների ուղղորդումը մի կետից է գալիս։ Հրանտ Դինքի սպանության մեջ էլ որոշակի մի ուժ կա»,-ասել է լրագրողը՝ ընդծելով, որ Դինքի սպանության բացահայտման գործում կա քննադատություն պետության դեմ՝ համապատասխան աջակցություն չցուցաբերելու համար:

«Մենք 36 ժամում ձերբակալեցինք սպանության իրականացնողին եւ նրա շուրջ հավաքվածներին եւ հանձնեցինք դատարանին։ Դրանից հետո գործը դատարանինն է։ Սակայն 4 տարի է՝ դատական գործընթացը չի վերջացել։ Վերջերս էլ սպանության իրականացնողը հանձնվեց անչափահասների համար նախատեսված դատարան։ Մեզնից ինչ հասնում էր, արել ենք, մնացածը՝ դատարանինն է»,-հայտնել է Թուրքիայի վարչապետը: