Որքան Հայաստանը պատրաստ լինի պատերազմի, այնքան պատերազմի հավանականությունը նվազ կլինի։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը՝ անդրադառնալով հրադադարի խախտման դեպքերի հաճախակիացմանը։
Նա նշեց, որ պետք է օգտագործել թե ներքին, թե արտաքին ռեսուրսները, որպեսզի հրադադարը վերածվի վերջնական խաղաղության։
«ՀԱՊԿ-ի շրջանակներում մեր վերջին պայմանավորվածությունները մեր ստրատեգիական գործընկերների հետ մեզ թույլ են տալիս ավելի վստահությամբ նայել խաղաղության պահպանման ապագային»,-ասաց Մինասյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանը երբեք չպետք իրեն ներշնչի այն գաղափարը, որ պատերազմի վերսկսումն անհնար է, դրա հնարավորությունը միշտ կա, դրա բացառումը դեռ զրոյի չի հասել։
Իսկ հայ-ադրբեջանական շփման գծում հրահրվող սադրանքներին պետք է տրվեն համարժեք պատասխաններ, որպեսզի հաջորդ անգամ նման սադրանքներ իրականացնելուց առաջ ադրբեջանական կողմը մի լավ մտածի։ «Այլ լեզու ադրբեջանցիները չեն հասկանում»,-հայտարարեց պատգամավորը։ Մյուս կողմից էլ, ՀՀԿ-ականի խոսքով, ադրբեջանցիները սադրանքներ իրականացնելիս մեկ նպատակ են հետապնդում՝ միջազգային հանրությանը ցույց տալ, որ կոնֆլիկտը սառեցված չէ եւ այն շուտափույթ լուծում է պահանջում։





























