Թուրքիայի Թոքաթ նահանգի շուրջ հինգ հազար բնակիչներ դիմել են բժիշկների՝ սրտխառնոցի և փորլուծության նմանատիպ գանգատներով, մոտ 70 մարդ հոսպիտալացվել է, երկուշաբթի հայտարարել է նահանգապետ Աբդուլլահ Քյոքլյուն։
Նահանգային իշխանությունները հայտնել են, որ ուրբաթ օրվանից վարչական կենտրոնում քաղաքացիները զանգվածաբար բողոքում են սրտխառնոցից և փսխումից, ստամոքսի ցավերից ու փորլուծությունից։
«Ուրբաթ օրվանից նահանգում արձանագրվել է ինչ-որ վարակ։ Այսօր ես այցելել եմ Թոքաթի հիվանդանոցում հոսպիտալացվածներին։ Այս պահին մենք ունենք մոտ հինգ հազար դիմում բժիշկներին, որոնցից շուրջ 70-ը հոսպիտալացվել են, 40-ն արդեն դուրս են գրվել, ևս 30-ը մնում են հիվանդանոցներում։ Կյանքին սպառնալիք չկա», - լրագրողներին ասել է նահանգապետը։
Նրա խոսքով՝ իշխանությունները խմելու ջրի նմուշներն ուղարկել են Անկարայի առողջապահության նախարարություն։ «Մենք ուզում ենք համոզվել, որ վարակի աղբյուրը ջուրը չի եղել։ Վաղը կամ չորեքշաբթի առավոտյան մենք կստանանք այս հարցի վերաբերյալ տեղեկություն, իսկ մինչ այդ քաղաքացիներին խորհուրդ ենք տալիս ավելի զգույշ լինել սննդի և խմիչքի հարցում», - նշել է Քյոքլյուն։
Կիրակի նահանգի բոլոր դպրոցներում և պետական հիմնարկներում իրականացվել են սանիտարական միջոցառումներ, նշել է նահանգապետը։ Քյոքլյուն ընդգծել է, որ «անհանգստանալու պատճառներ առայժմ չկան»։





























