Կառավարությունը չի թանկացրել մաքսատուրքը, սակայն տնտեսվարող սուբյեկտները կարող են թանկացնել իրենց կողմից մատուցվող ծառայությունների գները։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հունվարի 26-ին հայտարարեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը՝ անդրադառնալով բեռնափոխադրող ընկերությունների կողմից մատուցվող ծառայությունների գների թանկացմանը։

Հարցին, թե հիմնավորվա՞ծ է բեռնափոխադրումների կազմակերպման գները երկու անգամ թանկացնելը, Միասյանն արձագանքեց, որ՝ ոչ։ «Եթե որեւէ ընկերություն իր կողմից մատուցվող ծառայությունների գները բարձրացնում է, ապա միանգամից կառաջանան նույն ծառայություները մատուցող ուրիշ ընկերություններ։ եթե այս ոլորտում կա գերիշխող դիրքի խնդիր, ապա խնդրով պետք է զբաղվի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը։ Այդ հանձնաժողովի լիազորությունները առավել քան բավարար են՝ բացահայտելու եւ արգելելու նման գործառույթը»,-ասաց նա:

Նշենք, որ NEWS.am-ն արդեն անդրադարձել է այս խնդրին, տեղեկացնելով որ չինական ապրանքների համար բեռնափոխադրողները նախկինում պահանջում էին 7 դոլար՝ 1 կգ-ի դիմաց, իսկ այժմ՝ 14 դոլար։ Իսկ Ստամբուլից Երեւան 1 բեռնատարի համար, նայած բեռնատարողությանը (17-18 տոննա), պահանջում են 3500-4500 դոլար։