Երեւանի սանմաքրման եւ աղբահանության ընդհանուր իրավիճակին ծանոթանալու նպատակով ճանաչողական այցով Երեւանում գտնվող գերմանական «Բեքեր» ընկերության ներկայացուցիչները հանդիպել են Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին:

Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Բեքեր» ընկերության նախագահ Հուբերտ Արմբրուստը քաղաքապետին է ներկայացրել իրենց կողմից մայրաքաղաքում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները:

Այցի շրջանակում գերմանական ընկերության ներկայացուցիչները ծանոթացել են Էրեբունի եւ Կենտրոն վարչական շրջանների սանմաքրման ընկերությունների աշխատանքին, ինչպես նաեւ այցելել Նուբարաշենի աղբավայր: Երեւանի քաղաքապետն ընդգծել է ընկերության կողմից իրականացված ուսումնասիրությունների կարեւորությունը:

«Երեւանի աղբահանության կազմակերպման ամբողջական պատկերի մասով մեզ հատկապես անհրաժեշտ է ունենալ իրական գնահատական: Դա թույլ կտա ավելի հիմնավոր եւ արդարացված առաջարկներ ակնկալել ինչպես բազմաբնակարան շենքերում աղբահանության աշխատանքների կազմակերպման, այնպես էլ ժամանակակից աղբամանների տեղադրման առումով»,- ասել է Կարեն Կարապետյանը: «Բեքեր» ընկերության ներկայացուցիչները հավաստիացրել են, որ կշարունակեն ուսումնասիրությունները մայրաքաղաքում եւ ամփոփ կներկայացնեն Երեւանում աղբահանությունն արդյունավետ կազմակերպելու առաջարկները: