Լոռու մարզպետարանից Սպիտակի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Մկրտչյանին տեղեկացրել են աշխատանքից ազատման դիմում գրելու անհրաժեշտության մասին: Այս տեղեկությունը՝ NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ինքը՝ Արմեն Մկրտչյանը՝ հավելելով, որ դա իրեն փոխանցվել է Լոռու մարզպետարանի առողջապահության վարչության պետ Սամվել Լամբարյանի միջոցով:
«Անձամբ մարզպետը ինձ չի կանչել, ոչինչ չի ասել, բայց «չերեզ» վարչություն ինձ ասել են: Մի 20 օրվա պատմություն է, որ ես պրոբլեմ ունեմ, ու էդ պրոբլեմը Վանիկ Ասատրյանի («Ծառուկյան» խմբակցության պատգամավոր-խմբ) միջոցով է: Ինձ չերեզ վարչություն է ասվել, որ ես Սպիտակում ազատման ենթակա պաշտոնյաների ցանկի մեջ կամ: Եվ հենց դեպուտատ Վանիկ Ասատրյանն էր հայտնել, որ հեսա բոլորի հարցերը կլուծեմ»,- ասաց Մկրտչյանը:
Նա տեղեկացրեց, որ մարզպետարանի առողջապահության վարչության պետն ասել է, որ ինքը աշխատանքի առումով խնդիր ունի. «Մարզպետը հարցադրում է դնում, որ բողոք կա, եւ պիտի երեւի ազատման հարցը լուծենք: Բայց վարչության պետը բացատրեց, որ բողոքները ոչ թե ժողովրդից են, այլ ԱԺ պատգամավոր Վանիկ Ասատրյանից»:
Ինչ վերաբերում է տարածված տեղեկություններին, որ Վանիկ Ասատրյանն ուզում է իր փեսային նշանակել Սպիտակի ԲԿ տնօրեն, Արմեն Մկրտչյանն արձագանքեց. «Դա շուտվանից է, 12 տարի է արդեն ուզում է: Փորձեր եղել են: 12 տարի առաջ, երբ Արամ Քոչարյանը մարզպետ էր, էն ժամանակ մի տարի պայքար էր գնում: Էն ժամանակ ժողովուրդը կանգնեց թիկունքիս, չկարողացավ հասնել նպատակին»:
Հարցին, թե Ձեր եւ Վանիկ Ասատրյանի միջեւ խնդիրն ինչի՞ց է սկսվել, ԲԿ տնօրենը պատասխանեց. «Երբ ինքը քաղաքապետ էր, ես նոր տնօրեն էի նշանակվել, ուզեցավ որոշ բաներ հիվանդանոցում... չեմ ուզում ասեմ, է... որոշ ապարատներ ուզեց օտարել, ես չթողեցի: Այ, այդ ժամանակվանից սկսվեց»:
Տնօրենի խոսքով նախորդ շաբաթ Լոռու ԲՀԿ-ական մարզպետ Հրանտ Մարգարյանի կողմից բժշկական կենտրոն կատարած այցից հետո դեռեւս որեւէ հրահանգ չի ստացել ու այժմ չգիտի, պաշտոնից հեռացման ենթակաների ցանկում է, թե՝ ոչ: Ամեն դեպքում որոշել է՝ նույնիսկ նման պահանջի դեպքում չի հանձնվելու. «Ինքնակամ դիմում չեմ գրելու, պայմանագրով էլ դեռեւս մեկ տարվա ժամկետ ունեմ»:





























