Պետեկամուտների կոմիտեն այսօր՝ հունվարի 26-ին, հայկական լրատվամիջոցներին հրավիրել է «Ապավեն» մաքսային պահեստ՝ պարզաբանումներ տալու Թուրքիայից Հայաստան ապրանքների ներկրման հետ ծագած խնդիրների կապակցությամբ։ Լրագրողները վերջապես առիթ ունեցան հարցեր ուղղելու հիմնական բեռնափոխադրողներից մեկին՝ Կառլեն Մկրտչյանին:

Նրա պարզաբանումներից պարզ դարձավ, որ ոչինչ էլ պարզ չէ։ Նախ նա չներկայացավ որպես բեռնափոխադրող, այլ ասաց, որ զբաղվում է՝ «ապրանքների ներկրմամբ եւ վաճառքով»: Սա կարեւոր հանգամանք է, քանի որ այնուհետ Կ. Մկրտչյանը պարզապես խուսափեց ասել, որ առեւտրականների համար «կարգո» է անում, այսինքն՝ նրանցից փող է վերցնում մաքսազերծում կատարելու համար: Իրավական տեսանկյունից նրանք մաքուր են աշխատում: Այսինքն՝ առեւտրականներից ապրանքի գնում են ձեւակերպում, այնուհետ այդ ապրանքը իրենց անունից մաքսազերծում են, հետո նորից փաստաթղթով վերադարձնում են այդ նույն առեւտրականին։ Այդ ամենի համար նրանք միջնորդավճար են վերցնում։ Նախկինում այն կազմում էր կգ-ի համար 4 դոլար, այս տարի որոշեցին 8 դոլար վերցնել:

Գնի բարձրացումը Կ. Մկրտչյանը մեկնաբանեց իրենց այնտեղի (Թուրքիայի) աշխատողների ապահովագրությամբ, տրանսպորտի ծախսերով, Վրաստանի ռիսկային ծախսերով եւ Թուրքիայում արտահանման ծախսերով:

Այնուհետեւ Կ. Մկրտչյանը ասաց, որ ապրանքների 70-80 տոկոսի համար գնի բարձրացում չեն արել։ «Մի քիչ հագուստեղենի տեսականու մեջ է բարձրացել, թեթեւ տնային կենցաղային իրերի։ Հագուստեղենն, ըստ տեսակի, հաշվել ենք կգ-ը 4-5 դոլար։ Սպիտակեղենն ու վարագույրը գին չեն փոխել»,- ասաց Կ. Մկրտչյանը։ Այդպես էլ հասկանալի չեղավ, թե մի քանի հարյուր մարդ ինչու են մի քանի օր շարունակ բողոքի ակցիա իրականացնում։ Իսկ առեւտրականների բողոքների հետ կապված էլ ասաց, որ չի հավատում, թե նրանք ասած լինեն, որ այդքան թանկացում է եղել: 

Հարցին, թե ի՞նչ իրավական հիմքով է ուրիշների համար մաքսազերծում իրականացնում, նա հայտարարեց, որ նման բան չի անում, այլ ապրանքը վաճառում է նրանց։ «Իրենց պատվերով բերում ենք, տուրիստների հետ պայմանագիր ունենք, եւ վաճառում ենք»,- սա է իր բիզնեսի արտաքին նկարագրությունը։

Կ. Մկրտչյանի ասածներից բխում էր միայն, որ մի քանի հարյուր մարդ իզուր ցույց է անում։ «Ախր չգիտեմ, այդ ցուցարարների ինձ բան չեն ասում»,- ի վերջո եզրակացրեց Կ. Մկրտչյանը:

Սամվել Ավագյան