«Ծառուկյան» դաշինքի քվոտայով նշանակված Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը այսօր՝ հուլիսի 2-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ փոխմարզպետ Անդրանիկ Ղուկասյանին զիջեց վերջինիս համար ցանկալի առողջապահության վարչության վերահսկողությունը:

NEWS.am-ի թղթակիը հաղորդում է, որ այսօր կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը հրապարակեց փոխմարզպետների վերահսկողությանը հանձնելիք վարչությունների ցանկը: Մինչ այժմ իրեն հատկացված վարչությունների ցանկի հետ կապված լրատվամիջոցների հետ անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ բարձրաձայնել էր ՔՊ-ական  փոխմարզպետ Անդրանիկ Ղուկասյանը,  հատկացված վարչությունների մասնաբաժինների հետ կապված իր դժգոհությունն արտահայտելով: Վերջինս նշել էր՝ իրեն ու ՔՊ-ական մյուս փոխմարզպետին՝ Արամ Խաչատրյանին ԲՀԿ-ական մարզպետը տրամադրել է մարզպետարանի վարչություն-բաժինների ընդամենը 10 տոկոսը:

Մասնագիտությամբ բժիշկ Անդրանիկ Ղուկասյանը տրամաբանական չէր համարել մասնագիտական՝  առողջապահական ոլորտն իր վերահսկողությանը չտրամադրելը: 

Այսօր արդեն Լոռու մարզպետը հայտարարեց, որ Ա. Ղուկասյանի վերահսկողության տակ կլինեն նրա մասնագիտական՝ առողջապահության ոլորտը, զարգացման ու զբոսաշրջության վարչությունը, Վանաձորի ու Սպիտակի տարածաշրջանի բյուջետային գործունեության վերահսկումը:

Հարցին, ո՞րն է պատճառը, որ փոփոխվել է փոխմարզպետին հատկացված ոլորտների ցանկը ու նրան տրամադրվել  ցանկալի առողջապահության ոլորտը, արդյոք դա կապված է հանգստյան օրերին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ Լոռու մարզ կատարած այցի հետ, մարզպետը պատասխանեց, որ մինչ այժմ ոլորտների բաժանում փոխմարզպետների միջեւ չէր արել՝ այսպիսով հերքելով Ա. Ղուկասյանի տարածած տեղեկատվությունը:

«Ի սկզբանե ես արդեն ասել էի, որ երկու փոխմարզպետի մեջ բաժանումը ճիշտ չի ունեցել: Երբ որ կլինեն երեք փոխմարզպետները վերջնական տեսքի, մենք այդ ոլորտների բաժանումները կիրականացենք: Ես նախապես չէի իրականացրել, ոչ թե քիչ էի իրականացրել կամ շատ,  ուղղակի չէի իրականացրել: Ես աշխատել եմ ըստ ոլորտների բաժանումն անեմ այնպես, նկատի ունենալով նաեւ նրանց մասնագիտական ունակությունները»,-ասաց մարզպետը:

Մեր հիշեցմանը, որ Ա. Ղուկասյանը դժգոհել էր որ առողջապահությունն իրեն չի տրվել եւ ՔՊ-ական փոխմարզպետներին տրվել է ոլորտների 10 տոկոսը, մարզպետը հարցով պատասխանեց. «Իսկ հիմա՞ ինչ կասի»:

Առողջապահության նախարարն ընդդեմ Լոռու մարզպետի. Արսեն Թորոսյանը պաշտպանեց Սպիտակի ԲԿ տնօրենին