Ռուսաստանի նախագահի գործերով վարչությունը նավ է ձեռք բերել։ Այս մասին հայտարարել է վարչության մամուլի քարտուղար Վիկտոր Խրեկովը։ Նրա խոսքով, այդ նավի վրա Ռուսատանի նախագահը բարձրաստիճան հյուրերի կընդունի։

Ինչպես հայտնել է Խրեկովը, նավը հունվարից շահագործվում է Սոչիում։ Մեդվեդեւն այն հիմնականում կօգտագործի 2014 թվականի Օլիմպիադայի ժամանակ՝ հյուրեր ընդունելու համար, գրում է Lenta.ru-ն։

Մամուլի քարտուղարը չի հաստատել, որ նավը կառուցվել է Թուրքիայում, ինչի մասին ավելի վաղ հայտնել էին թուրքական լրատվամիջոցները։

Մասնավորապես Vatan թերթը գրել էր, որ նավը ծով է իջեցվել 2009 թվականի հունվարին։ «Լեո Ֆան» անունով նավն ի սկզբանե նավարկել է իտալական դրոշի ներքո, սակայն 2010 թվականից պատկանել է Ռուսաստանին։ Պարբերականի տվյալներով, Մեդվեդեւի նավն արժեցել է 30 մլն եվրո եւ անվանափոխվել է «Սիրիուսի»։