ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները պարտավորություն ունեն, միջնորդ լինելուց բացի, հետեւել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարմանը։ Այս մասին այսօր՝ հուլիսի 3-ին «Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի նախիջեւանյան հատվածում. բանակցությունների՞, թե՞ ռազմական գործողությունների վերսկսում» թեմայով քննարկմանը հայտարարեց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահ Արա Պապյանը:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները պարտավորություն ունեն պահել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, ինչու ոչ՝ Ռուսաստանի պարագայում գնանք հասնենք Բիշքեկի զինադադար: Այսինքն՝ Ռուսաստանը, ամեն ինչից բացի, նաեւ երաշխավորն է այդ զինադադարի, բացի այդ՝ նույն Ռուսաստանը՝ որպես ՀՀ ռազմավարական դաշնակից, որպես ՀԱՊԿ եւ ԵՏՄ անդամ երկիր, առանձին պարտավորություն ունի գոնե իր դիրքորոշումն արտահայտել»,- ասաց Պապյանը։
Փորձագետի խոսքով՝ դիրքորոշումը միայն զորքի ներգրավմամբ չի արտահայտվում. «Մենք արդեն վարժվել ենք եւ հաճախ ասում ենք, դե՝ ՀԱՊԿ ուժերի խնդիր չկա, մեր զորքը բավարար է կամ պիտի դիմենք, որ մասնակցեն։ Բայց մասնակցությունը միայն զորքի անմիջական ներգրավմամբ չի, դիրքորոշման արտահայտմամբ եւս, այսինքն՝ դատապարտելու կամ, հակառակը, խրախուսելու միջոցով։ Ստացվում է մի իրավիճակ, որով, ցավոք, նկատում ենք, որ Ալիեւը խրախուսվում է, եւ փորձնական քայլեր է անում: Օրինակ՝ Տավուշի ուղղությամբ քաղաքացիական անձինք զոհվեցին, եւ որեւէ դատապարտում չունեցանք դրա վերաբերյալ»։
Պապյանը համոզված է, որ միջազգային դերակատարներն իրենց դերը պետք է կատարեն, բայց այստեղ նաեւ մեր դիվանագիտությունն անելիքն ունի։
«Դիվանագիտություն ասելով չպետք է հասկանալ միայն ԱԳՆ-ն։ Օրինակ՝ պատգամավորի, հանձնաժողովի փոխնախագահի, հայտնի լրագրողների մասնակցությամբ Լելե Թեփե այցելության ժամանակ պետք է ավելի ակտիվ լիներ խորհրդարանական դիվանագիտությունը։ Ընդհանրապես, երբ հայտարարվում է, որ Ադրբեջանն է ՌԴ միակ դաշնակիցը Հարավային Կովկասում, եւ նման կոնֆերանսին մասնակցում են երեւելի անձինք, չպետք է անտեսել»,- ասաց փորձագետը։
Ընդ որում, Արա Պապյանի կարծիքով, ռուս քաղաքագետ Ալեքսանդր Դուգինը շատ վտանգավոր հայտարարություն արեց։ «Տարիներ առաջ անդամակցելով ԵՏՄ-ին եւ տալով մեր ամենաուժեղ քարտը՝ թույլ տվեցինք, որ ՌԴ-ն սիրաշահի Ադրբեջանին ԵՏՄ-ին անադամակցելու հարցում։ Դուգինը շատ հստակ ասաց, որ ԵՏՄ-ն առանց Ադրբեջանի չի կարող ամբողջական լինել։ Այսինքն՝ նա ուղերձ հղեց, որ այս ամենի նպատակն է Ադրբեջանին ԵՏՄ բերել։ Գինն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն է եւ Ղարաբաղի հանձնումն Ադրբեջանին»։
Պապյանը շեշտեց, որ Բաքուն ձգտում է ցույց տալ, որ հակամարտությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ է, ոչ թե Արցախի ու Ադրբեջանի. «Նախիջեւանի ու Տավուշի պարագայում վարվող քաղաքականությունը համահունչ է ալիեւյան այն քաղաքականությանը, որով Ալիեւը մի կողմից ցույց է տալիս, որ ղարաբաղյան հակամարտությունը մարած հակամարտություն չէ, այն ընթանում է, իսկ մյուս կողմից՝ հակամարտությունը բուն Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ է»։





























