Բանակի օրը Հայաստանի տոների մեջ ամենակարեւորներից է, քանի որ բանակը հայ ժողովրդի պաշտպանության եւ անվտանգության երաշխավորն է: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ, ՀՀԿ վարչության անդամ Սամվել Նիկոյանը:

Նրա խոսքով, բանակը Հայաստանի ամենակայացած կառույցն է, քանի որ հայ ժողովուրդը բանակի կայացման համար ներցրել է իր ողջ ներուժը: «Այսօր մեր բանակն ավելի քան ուժեղ է ու մարտունակ, պատրաստ է կատարել իր առջեւ դրված բոլոր խնդիրները»,- հայտարարեց Նիկոյանը, հավելելով, որ այսօր հայոց բանակի խնդիրներն ավելացել են:

Միաժամանակ, ԱԺ փոխնախագահը նշեց, որ հայոց բանակն անվանարկելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման: «Իհարկե, բանակում կան որոշակի խնդիրներ, բայց դրանք անհրաժեշտ է վեր հանել եւ լուծել»,- ընդգծեց նա:

Նշենք, որ հունվարի 28-ին լրանում է Հայաստանի Զինված ուժերի ստեղծման 19-րդ տարեդարձը: