Ճապոնիան Հայաստանի կառավարության լավագույն բարեկամ երկրներից է, որի հետ համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա: Այս մասին այսօր՝ հուլիսի 4-ին Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուն Յամադայի հետ հանդիպմանն ասել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

ԱՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նորանշանակ դեսպանը բարձր է գնահատել Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները եւ հատկանշական համարել այն հանգամանքը, որ իր գործունեությունը Հայաստանում սկսում է այս ժամանակահատվածում: Ջուն Յամադին կարեւորել է ՀՀ կառավարության ծրագրում կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված դիրքորոշումը եւ հետաքրքրվել արդարադատության նախարարության ծրագրային առաջնահերթություններով:

Այս համատեքստում Արտակ Զեյնալյանն անդրադարձել է դատաիրավական, հանրային ծառայությունների մատուցման ոլորտներում նախատեսվող բարեփոխումներին, ինչպես նաեւ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի սարքավորումներն արդիականացնելուն, ՔԿՀ-ներում պահման պայմանների բարելավելուն, նոր քրեակատարողական հիմնարկ կառուցելուն ուղղված մի շարք հարցերի:

Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են նշված ուղղություններով համագործակցելու հնարավորությունները: