Հայաստանի Ամերիկյան Համալսարանում հունվարի 26-ին տեղի է ունեցել Հայ մատենագրության թվանշային գրադարանի կայքի (www.digilib.am) շնորհանդեսը: Գրադարանում ներկայումս կան 600-ից ավելի հեղինակների մոտ 2000 աշխատանքները, ինչպես նաեւ այդ հեղինակների կենսագրությունները: 

Գրադարանն արդեն հարստացված է 150 հեղինակների հայագիտական աշխատանքներով: Դրանց թվում են` Ղուկաս Ինչիչյանը, Ղեւոնդ Ալիշանը, Ներսես Ակինյանը, Գարեգին Հովսեփյանը եւ այլք:

Թվանշային գրադարանը լուրջ նվեր է հատկապես հայագիտությամբ զբաղվող գիտնականների եւ ուսանողների համար: Կայքը ստեղծողները նաեւ հաշվի են առել վիրտուալ սոցիալական պահանջները` այն էջ ունի Facebook սոցիալական կայքում, համագործակցում է Արմակադ գիտական ցանցի հետ:

Հայ մատենագրության թվանշային գրադարանի տեխնիկական տնօրեն Հովհաննես Կիզողյանը NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ կայքում կլինի ոչ միայն հսկայական գրականություն, հեղինակների գործերն ու նրանց մասին տվյալներ, այլ նաեւ այլ ձեւաչափով նյութեր:

«Նոր կայքում նախատեսվում է ներկայացնել հեղինակների տարբեր ֆորմատներով գործեր, օրինակ` նկարչի նկարները, կամ կոմպոզիտորի երաժշտությունը եւ այլն»,-ասաց Հ. Կիզողյանը: Նրա խոսքով` այդ ամենը բավականին աշխատատար գործ է եւ տարբեր ֆորմատով գործերը կայքում կլինեն ավելի ուշ:

Նշենք, որ Հայ մատենագրության թվանշային գրադարանը ստեղծվել է 1999 թ.: