Ֆրանսիացի պատգամավորների շրջանում կազմակերպված «Հանուն Ղարաբաղի խաղաղության» վերտառությամբ ստորագրահավաքին միացել են ֆրանսիայի Ազգային Ժողովի 577 պատգամավորներից 145-ը: Այս մասին նշվել է հունվարի 26-ին ստորագրահավաքի միջանկյալ արդյունքներն ամփոփող ասուլիսում:
Ասուլիսին ելույթով հանդես է եկել Ֆրանսիայի Ազգային Ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը, պատգամավորներ Ռընե Ռուքեն, Ժաք Ռըմիլիեն, Գի Տեսսիեն, նորերս պատգամավոր դարձած Մարի Էլեն Թորավալը, այլ պատգամավորներ:
Որոշվել է հայտարարության տեքստը եւ այն ստորագրած պատգամավորների ցուցակները ուղարկել Ֆրանսիայի ԱԳՆ:
145 ֆրանսիացի պատգամավորները, որոնց մեծ մասը ներկայացված է նաեւ ԵԽԽՎ, ԵԱՀԿ եւ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովներում եւ այլ եվրոպական ներկայացուցչական մարմիններում, այս ակցիայով հստակորեն դատապարտել են Ադրբեջանի ռազմաշունչ հայտարարություններն ու գործողությունները եւ պաշտպան կանգնել սեփական կառավարության դիրքորոշմանը` քաղաքական երկխոսության միջոցով ԼՂ հիմնահարցին խաղաղ լուծմում գտնելու վերաբերյալ:
Ստորեւ ներկայացնում ենք հայտարարության տեքստը:
«Հարավային Կովկասում լարվածությունն ավելի ու ավելի է ուժգնանում։ Չնայած 2010թ. հունիսի 17-ին Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցած միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում ՌԴ նախագահի հովանու ներքո Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, ուրբաթ օրը՝ հունիսի 18-ին, ադրբեջանական բանակը նախահարձակ է եղել Մարտակերտից արեւելք ընկած հայ-ադրբեջանական շփման գծի ուղղությամբ: Ռազմական գործողության արդյունքում հայկական կողմը տվել է 4 զոհ, 4 վիրավոր, ադրբեջանականը՝ 1 զոհ։ Ադրբեջանի կողմից զինադադարի այս խախտումն անընդունելի է։
Այն ժամանակ, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունները՝ Ֆրանսիան, Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահությունը ջանքեր են գործադրում ԼՂ հիմնահարցի լուծման փոխզիջումային տարբերակներ գտնելու համար, չի կարելի թույլ տալ, որպեսզի Բաքուն երկակի խաղ խաղա` այն է` դիվանագիտական եւ ռազմական գործողությունների լեզվով։
Այս հարցը, սակայն, կարող է միայն քաղաքական լուծում ստանալ. տարածաշրջանային խաղաղությանը սպառնացող ցանկացած ռազմական միջամտություն պետք է բացառվի հիմնահարցի կարգավորման օրակարգից։ Խաղաղ ապագա ունենալու եւ ժողովրդավարություն կառուցելու համար Հարավային Կովկասում չպետք է տիրի բռնության մթնոլորտ։ Եվ անընդունելի է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը, վերջին վերապրողները մի ժողովրդի, որոնց գոյությունը իրենց պապենական հողերի վրա նվազել է շագրենի կաշվի պես` 1915թ. ցեղասպանությունից ի վեր, դատապարտված լինի ապրելու մշտատեւ ռազմական ճնշման ներքո։
Մենք՝ Ֆրանսիացի խորհրդարանականներս, հիշեցնում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է լուծվել միայն քաղաքական եւ կառուցողական երկխոսության միջոցներով։
Մենք դատապարտում ենք զինադադարի ցանկացած խախտում, որպիսին եղավ հունիսի 18-ին` խլելով 5 մարդու կյանք։ Զենքի սպառնալիքի ներքո անհնար է վստահություն նախադրյալներ կառուցել։
Մենք հորդորում ենք ֆրանսիական կառավարությանը առավել ջանքեր գործադրել հայերի եւ ադրբեջանցիների միջեւ խաղաղության հաստատման ուղղությամբ եւ դիմում ենք գլխավոր անձանց պատասխանատվության զգացողությանը` գտնելու համաձայնեցված, խաղաղ եւ երկարատեւ լուծում տարածաշրջանի համար»:





























