Հունվարի 27-ին ԵԽԽՎ ընդունած «ԼՂՀ ժողովրդավարական պետության կառուցումը» փաստաթուղթը Հայաստանի խորհրդարանական դիվանագիտության նվաճումն է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը` նշելով, որ Հայաստանի խորհրդարանական դիվանագիտությունը ճիշտ ուղիով է շարժվում:
«Առաջին անգամ այս միջազգային կազմակերպությունն ընդունում է փաստաթուղթ, որը վկայում է այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի մասը եւ հայտնվել է այդ պետության կազմում քեմալականների եւ բոլշեւիկների գործարքի արդյունքում: Արցախը դարձավ Խորհրդային Ադրբեջանի մասը: Այդ իմաստով, Հայաստանի նախագահի հայտարարությունները, որ Ադրբեջանը չի ունեցել Ղարաբաղին տիրանալու ոչ պատմական, ոչ իրավական հիմք հաստատվում է այդ փաստաթղթում: Դրանով հաստատվում է նաեւ այն փաստը, որ Ղարաբաղի կցումը Ադրբեջանին չի համապատասխանել միջազգային նորմերին», - նշեց Շարմազանովը:
ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղարի գնահատականով, մյուս կարեւոր փաստը, որ նշված է փաստաթղթում 1991թ. անկախության հանրաքվեում ԼՂՀ բնակչության արտահայատած «այո»-ն է եւ հանրաքվեն միջազգային նորմերին համապատասխան լինելու ու միջազգային դիտորդների ներկայացությամբ անցկացնելու հաստատումն է: Փաստաթղթում նշվում է նաեւ, որ Ղարաբաղում շարունակում են կառուցել ժողովրդավարություն` միջազգային նորմերին եւ ստանդարտներին համապատասխան: Ժողովրդավարության կառուցման կարեւորագույն մասը դարձավ 2006թ. Սահմանադրական հանրաքվեն:
Եվրոպական գործընկերները ընդունում են, որ Լեռնային Ղարաբաղը, նպատակ դնելով կառուցել ժողովրդավարական պետություն, հանդիսանում է կայացած պետություն եւ արժանի է միջազգային ճանաչման ու անդամակցության միջազգային կազմակերպություններին:
«Այսօր ընդունվել է փաստաթուղթ, որը համահունչ է հայկական կողմի դիրքորոշմանը եւ Հայաստանի նախագահի հայտարարություններին: Շատ կարեւոր է նաեւ այն հանգամանքը, որ ի տարբերություն «Freedom Hause»-ի, որը ԼՂՀ-ն, ինչպես եւ Արդբեջանը համարում է ոչ ազատ, այս փաստաթղթում հստակ նշվում է, որ ԼՂՀ միջազգային ճանաչումն այլընտրանք չունի», - ասաց Շարմազանովը:
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ի պատվիրակները հունվարի 27-ին հանդես են եկել գրավոր հռչակագրով, որի անվանումն է. «Լեռնային Ղարաբաղի ժողովրդավարական պետության կառուցում»: Փաստաթղթի տակ ստորագրել է ԵԽԽՎ 29 պատգամավոր՝ ԵԽ անդամ 12 երկրներից:





























