Սեռական հիվանդությունների թվի ավելացմանը, գոնե Հայաստանում, մեծ չափով նպաստում է սեռական դաստիարակության պակասը: Հունվարի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը, հավելելով, որ հայ երիտասարդները, որպես կանոն, խուսափում են սեռական բնույթի խնդիրներով մասնագետին դիմելուց։

«Երիտասարդներն ամաչում են խոսել այս թեմաներով, հաճախել բժշկի։ Ճիշտ տեղեկատվության պակասի պարագայում նրանք հաճախ դիմում են ոչ այնքան բարձր որակավորում ունեցող մասնագետների՝ այն էլ բավական ուշացումով, ինչը պատճառ է դառնում, որ երկարատեւ ժամանակ անարդյունավետ բուժումներից հետո նրանք հիասթափվեն եւ առհասարակ չցանկանան շարունակել բուժումը։ Իմ պրակտիկայում նման դեպքերի շատ եմ հանդիպում»,- ասաց Շահրամանյանը։

Նա խոհուրդ տվեց սեքսոպաթոլոգին այցելելիս «չքաշվել» եւ սեռական խնդիրների մասին խոսելիս չասել՝ «ընկերուհիս այսինչ խնդիրն ունի. ի՞նչ անել»։ «Մարդիկ պետք է գիտակցեն, որ սեռական առողջությանը հետեւելը կարեւորագույն հարցերից է։ Իսկ Հայաստանում այդ գիտակցությունը, ցավոք, շարունակում է ցածր մակարդակի վրա մնալ։ Խնդիրը լուծելու համար դպրոցներում եւ բուհերում անհրաժեշտ է սեռական դաստիարակության համապատասխան դասաժամեր մտցնել։ Մեր՝ սեքսոլոգների միության կողմից որոշ դպրոցներում՝ անհատական սկզբունքներով նման դասընթացներ իրականացվում են։ Բայց սա շատ քիչ է»,- համոզմունք հայտնեց նա։