Վերջին տարիներին Հայաստանում անպտղության տոկոսը բավական բարձրացել է. խնդիրն առկա է հավասարապես թե՜ տղամարդկանց, թե՜ կանանց մոտ։ Հունվարի 28-ին  կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը։

«Հարաբերակցությունը գրեթե 50-50 է։ Այդ է պատճառը, որ անպտղության պարագայում հետազոտություն պետք է անցնեն ե՛ւ կինը, ե՛ւ ամուսինը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, եթե սրանից 10 տարի առաջ տղամարդկանց սերմահեղուկի կոնցենտրացիան կազմում էր մինչեւ 60 մլն սերմնաբջիջ, ապա այսօր անորակ սննդի, սխալ ապրելակերպ վարելու եւ մի շարք այլ գործոնների ազդեցությամբ շեմն իջել է մինչեւ 20 մլն սերմանբջիջի»,- նկատեց նա։

Անդրադառնալով սեռական անկանոն կյանքով ապրելու բացասական հետեւանքներին՝ Վրեժ Շահրամանյանը նշեց, որ սեռական կյանքի սովոր, սակայն երկարատեւ ժամանակ սեքսով չզբաղվող կանանց մոտ ի հայտ են գալիս նեւրոտիկ բնույթի որոշ հիվանդություններ, ինչպես օրինակ, սեքսուալ նեւրոզը, իսկ տղամարդկանց մոտ տուժում է հատկապես սերմնահեղուկի որակը։ «Կանանց մոտ նման դեպքերում մեծանում է նաեւ կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը»,- ամփոփեց սեքսոպաթոլոգը։