Ուկրաինայի եւ Ադրբեջանի նախագահները էներգետիկ նախագծերի ուղղությամբ աշխատանքային խումբ են ձեւավորել։ Դրա առաջին նիստը կկայանա մոտ ժամանակներս։ Այս մասին հայտնել է Ադրբեջանում Ուկրաինայի գործերով ժամանակավոր հավատարմատար Միրոսլավ Բլաշուկը, հայտնում է FundMarket-ը։
Ավելի վաղ ուկրաինական նավթավերամշակող ընկերությունների ներկայացուցիչները հայտարարել էին, որ ներքին շուկան որակյալ վառելիքով ապահովելու համար պատրաստ են կրկնակի մեծացնել նավթամթերքների արտադրությունը:
Բացի նավթի մատակարարումից, ուկրաինա-ադրբեջանական հարաբերություններում արդիական է նաեւ գազամատակարարման հարցը։ Ադրբեջանի արդյունաբերության եւ էներգետիկայի նախարար Նատիկ Ալիեւն անցած տարի հայտարարել էր ամեն տարի Ուկրաինա 5 մլրդ խմ հեղուկ գազ մատակարարելու Բաքվի մտադրության մասին։ «Ուկրաինայի եւ Ադրբեջանի միջեւ այսօրինակ համագործակցությունը մեծ հեռանկարներ ունի»,- նշել էր նախարարը։
Նշենք, որ Ուկրաինան Հյուսիսային Աֆրիկայի, Մերձավոր Արեւելքի եւ Ադրբեջանի հաշվին հույս ունի դիվերսիֆիկացնել հեղուկ գազի ստացման աղբյուրները։ Առայժմ այսպիսի գազ վաճառելու պատրաստակամություն հայտնել է միայն Ադրբեջանը։





























