«Հայ-թուրքական սահմանի բացման դեպքում Հայաստանի մասնակցությունը „Nabucco“ գազատարին հնարավոր է, քանի որ հայ-թուրքական հարաբերությունները ընթանում են Ադրբեջանի հետ ունեցած խնդիրներից անկախ»,- այս մասին սեպտեմբերի 17-ին «Արմատ» ակումբում հայտարարեց «Նորավանք» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Սեւակ Սարուխանյանը։

Նրա հավաստմամբ՝ այդ տեսակետից Ադրբեջանից Հայաստանի միջով գազ դեպի «Nabucco» դժվար գնա, բայց մեծ հնարավորություն կա, որ Իրան-Հայաստան գազատարը կարող է հզորացվել եւ երկարացվել մինչեւ Թուրքիայի տարածք,ինչի միջոցով Հայաստանը կդառնա «Nabucco» նախագծի մասնակիցներից մեկը։

«Ռեալիստական կլիներ, որ գազատարը Ադրբեջանի տարածքով անցներ Հայաստան՝ հետո Թուրքիա, բայց մենք ունենք չլուծված խնդիր եւ անգամ, եթե խնդիրը լուծվի, չի կարելի սպասել, որ հաջորդ օրը Ադրբեջանից գազատար կկառուցվի դեպի Հայաստան, քանի որ էներգետիկ քաղաքականության հիմնական սկզբունքներից մեկը երկարաժամկետ վստահությունն է, իսկ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, անգամ Ղարաբաղի հարցի լուծումից հետո, վստահություն չի առաջանա»,- ասաց իրանագետը։

Փորձագետի կարծիքով Թուրքիան կվերածվի շատ կարեւոր էներգետիկ հանգույցի, որի տարածքով կանցնի Եվրոպա մուտք գործելու ամբողջ գազի 50 տոկոսը։ «Եվրոպացիները հասկանում են, որ Թուրքիան գազատարը կարող է օգտագործել քաղաքական ճնշումների համար, եւ գազի արտահանումը դառնալու է խոշոր քաղաքական զենք Թուրքիայի ձեռքերում»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է «Nabucco» գազատարի` Հայաստանի տարածքով անցնելու հնարավոր դրական հետեւանքներին, Սարուխանյանի կարծիքով կուժեղանան Հայաստան-Իրան ենթակառուցվածքային համակարգերը, կամրապնդվեն եւ կստեղծվեն Հայաստան-Թուրքիա ենթակառուցվածքային խոշոր կապեր,որի արդյունքում Հայաստանը կկապվի Եվրոպական էներգետիկ համակարգին, կզարգանա տնտեսությունը ,կստեղծվեն նոր աշխատատեղեր,կսկսվի շինարարություն, ինչը Հայաստանին հնարավորություն կտա ակտիվորեն ինտեգրվել համաշխարհային տնտեսական դաշտին։

Նշենք որ, «Nabucco-ն» վերջին տասնամյակի ընթացքում Եվրոպական անդամ պետությունների էներգետիկ ընկերությունների կողմից ստեղծված ամենախոշոր գազատրանսպորտային նախագիծն է, եւ նպատակ ունի Եվրոպական էներգետիկ համակարգում ռուսական բնական գազի համար ստեղծել իրական այլընտրանք։ Գազատարը դեռեւս բավականին անորոշ ծրագիր է, քանի որ հիմնական գազարտադրողները դրան չեն միացել, ակնհայտ է միայն այն, որ գազատարը պետք է ձգվի Կենտրոնական Եվրոպայից, Ավստրիայից մինչեւ Թուրքիայի Էրզրում քաղաքը, որտեղ պետք է գազ արտադրող պետություններից հավաքվի գազը եւ վերաբաշխվի դեպի Եվրամիություն։ Գազատարի հնարավոր ծավալներն են 29-100 միլիարդ խորանարդ մետր։