Այս տարի աղետի գոտում անօթեւան ընտանիքներին բնակարաններով ապահովելու նպատակով ՌԴ վարկային միջոցների հաշվին նախատեսվում է մոտ 26 մլրդ դրամ հատկացնել մոտ 3000 բնակարանների եւ բնակելի տների շինարարության համար: Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, հավելելով, որ Գյումրիում կկառուցվի 38, Մուշ-2 թաղամասում` 33, Անի թաղամասում` 5 բազմաբնակարան շենք, Լոռու մարզի գյուղական բնակավայրերում`375 բնակելի տուն: Սկսվել է Լոռու եւ Շիրակի մարզերի բնակավայրերում մոտ 860 բնակարանների շինարարությունը:

Ինչ վերաբերում է ինքնակամ շինարարությունների դեմ պայքարին, նախարարն ասաց, որ խստացվելու են ինքնակամ շինարարություն իրականացնողների նկատմամբ կիրառվող պատժամիջոցները, նախատեսվում է նաեւ սահմանափակել ինքնակամ շինարարության օրինականացման գործընթացը:

«Ինքնակամ շինարարության տուգանքների չափերը ֆիքսված չեն, բայց պետք է լինի 3-4 անգամ բարձր, որպեսզի նման դեպքերը նվազեն: Տուգանքի չափը որոշում է տվյալ համայնքի ավագանին` կապված շինության չափերի հետ: Համայնքի ղեկավարի տուգանքի չափը 200 000 դրամ է, բայց դա չնչին գումար է, մենք համաձայն չենք այդ գումարի հետ: Այսօր Երեւանում կան 85 ավելի ինքնակամ շենքեր եւ այդ հարցով դիմել ենք քաղաքապետարան»,- ասել է Վ. Վարդանյանը:

Նրա ներկայացմամբ, անհրաժեշտ է կանոնակարգվել նաեւ քաղաքաշինական էլեկտրոնային թույլտվությունների տրամադրման մեխանիզմները, ինչը կառուցապատողին հնարավորություն կտա իրականացնել քաղաքաշինական գործընթացը`խնայելով զգալի ժամանակ եւ միջոցներ: