ԲՀԿ-ն չի քննարկել Հայաստանի քաղբանտարկյալներին ազատ արձակելու հարցը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատագամավոր Վարդան Բոստանջյանը՝ անդրադառնալով մամուլում հրապարակված տեղեկություններին, թե ԲՀԿ-ն վերջերս քննարկել է ՀՀ բանտերում պահվող քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով հայտարարությամբ հանդես գալու հնարավորությունը։
«Ես կարող եմ ասել, որ մեզ մոտ շեշտադրված քննարկում այսպես կոչված քաղբանտարկյալների ազատ արձակելու մասին չի եղել։ Բայց անընդհատ մեզ մոտ խոսակցություն գնացել է արցախյան պատերազմի մասնակից մեր ազատամարտիկներին ազատ արձակելու հնարավորության հարցի մասին՝ նրանց առաջադրված մեղադրանքները վերանայելու միջոցով։ Սակայն խոսքը միայն այն մարդկանց մասին է, որոնց առաջադրված մեղադրանքը չի համապատասխանում իրականությանը, կամ ինչ-որ մի քայլ են կատարել, որը դատապարտելի է, բայց որի վերաբերյալ վերջնական որոշում գոյություն չունի»,-հայտարարեց Բոստանջյանը։ Նա նաեւ հավելեց, որ որեւէ քաղաքական ուժի կամ պաշտոնյայի խնդրանքով, որքան էլ նրանք ուժեղ լինեն կամ բարձր պաշտոն զբաղեցնեն, հնարավոր չէ «հանցագործություն կատարած անձին ազատել օրենքով ենթադրվող պատժամիջոցից»։ «Քաղաքակիրթ իրավական երկրում նման պրակտիկա գոյություն չունի»,-հայտարարեց պատգամավորը։
Նշենք, որ այժմ բանտերում պահվում է 9 քաղբանտարկյալ, որոնց մեծ մասը անազատության է դատապարտվել մարտի 1-ի գործերով։
Հիշեցնենք, որ 2009-ի հունիսի 19-ին ԱԺ-ի կողմից ընդունված համաներում հայտարարելու մասին որոշմամբ քաղբանտարկյալների մի մասն ազատ արձակվեց։





























