Այսօր` հունվարի 29-ին, ժամը 21:30-ի սահմաններում Հայաստանի ոստիկանության Կոտայքի մարզային վարչության աշխատակիցները արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ տեղափոխեցին 4 երիտասարդների:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երիտասարդներին տեղափոխել են Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Դատարան էր դիմել Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի քննիչը, որպեսզի 2-ամյաս կալանք կիրառվի Արմավիրի Արգավանք գյուղի բնակիչներ Հովհաննես Այվազյանի, Հենրիկ Ստեփանյանի, Երեւանի Քանաքեռ թաղամասի բնակիչ Աշոտ Շահինյանի եւ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի բնակիչ Արմեն Մանթաշյանի նկատմամբ:

Արմեն Մանթաշյանի նկատմամբ հարուցվել է քրգործ քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (Առանձնակի դաժանությամբ սպանություն) հատկանիշներով, իսկ մյուս երեքի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել քր.օր-ի 334 հոդվածի 1-ին մասի (Ծանր առանձնակի ծանր հանցագործությունը պարտակելը) հատկանիշներով:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, հունվարի 21-ին հունվարի 21-ին Նոր Հաճն-Աբովյան ճանապարհի կամրջի տակ հայտնաբերվել էր կնոջ ջնջխված դիակ: Պարզվել է, որ նա ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից որպես անհայտ կորած փնտրվող Աննա Հովհաննիսյանն է:

Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ քննչական խումբը պարզել էր, որ  սպանվածը մի քանի օր առաջ եղել է Երեւան-Աբովյան ճանապարհին գտնվող «Գինետուն» ռեստորանային համալիրում:

Օպերատիվ-քննչական աշխատանքների արդյունքում ոստիկանություն սպանություն կատարելու կասկածանքով բերման էր ենթարկվել Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի 45 տան բնակիչ 27-ամյա Արմեն Մանթաշյանը, ով ոստիկանությունում պատմել էր, որ դեպքի օրը հիշյալ օբյեկտում ժամանակ է անցկացրել Ա. Հովհաննիսյանի հետ: Այդ ընթացքում բռունցքով հարվածել է Ա. Հովհաննիսյանի երեսին, տապալել գետնին, ինչի հետեւանքով կինը մահացել է: Նա արդեն մահացածի դին փաթաթել է սավանով, դրել Հովհաննիսյանի անձնական «Միթսուբիշի» մեքենայի բեռնախցիկում, դուրս եկել գինետնից, ուղղություն վերցրել Նոր Հաճնի կամուրջ եւ այնտեղից դիակը ցած նետել:

Այդ ամենից հետո Ա. Մանթաշյանը սպանվածի ավտոմեքենայով մեկնել է Արմավիրի մարզի Արգավանդ գյուղ, որտեղ ավտոմեքենան վաճառել էր արգավանդցի Հովհաննես Այվազյանին, նրանից ստանալով 300 հազար դրամ կանխիկ գումար, իսկ 200 հազար դրամն էլ պետք է ստանար ապրիլի 16-ին: Այվազյանն իր հերթին, «Միթսուբիշի» ավտոմեքենայով եկել էր Երեւան եւ այն հանձնել ավտոմեքենայի արհեստավոր, Քանաքեռում բնակվող իր ծանոթ Աշոտ Շահինյանին: Վերջինս մի քանի ժամվա ընթացքում ավտոմեքենան կազմաքանդել էր՝ մաս-մաս վաճառելու նպատակով:

Արմեն Մանթաշյան

Հովհաննես Այվազյան

Աշոտ Շահինյան

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի