Ծննդկան Մերի Մարգարյանի եւ նորածնի մահվան գործով դատավոր Դավիթ Բալայանը հունիսի 4-ին որոշում կայացրեց վերսկսել դատաքննությունը՝ նշելով, որ կրկնակի փորձաքննության անհրաժեշտություն կա:

Հետաքրքիր է, որ դեռեւս հունվարի 16-ին մեղադրողը դատարանում հայտարարել էր, որ պատրաստվում է կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու մասին միջնորդություն ներկայացնել, սակայն, այդպես էլ միջնորդությունը չներկայացրեց:

Այս առնչությամբ NEWS.am-ը գրավոր հարցում էր ուղարկել գլխավոր դատախազություն՝ հետաքրքրվելով, թե ինչու դատախազությունը փոխեց իր դիրքորոշումը եւ այդպես էլ միջնորդությունը չներկայացրեց: Դատախազության հանրային կապերի բաժնից մեր հարցմանն ի պատասխան հայտնել են. «Դեռեւս 2018թ.-ի հունվարի 16-ին կայացած դատական քննության ընթացքում հսկող դատախազի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարանին հետաձգել դատական քննությունը` հնարավոր կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու համար:

Մինչեւ հաջորդ դատական նիստը, ուսումնասիրելով դատական քննության ընթացքում հետազոտված ապացույցները, այդ թվում դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները, մեղադրող դատախազը գտել է, որ բացակայում են Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու համար բավարար փաստական եւ իրավական հիմքերը: Վերը նշված պատճառաբանությամբ կրկնակի հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու վերաբերյալ դատարան միջնորդություն չի ներկայացվել, ինչի մասին դատական նիստում դատախազը հանդես է եկել հայտարարությամբ:

Ինչ վերաբերում է դատարանի կողմից դատաքննության վերսկսման եւ կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու հանգամանքին, ապա դրա վերաբերյալ դիրքորոշումը դատախազը կհայտնի առաջիկա դատական նիստին»:

Նշենք, որ ծննդկանի մահվան գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է օգոստոսի 7-ին: Այդ օրը կողմերն իրենց առաջարկություններն են ներկայացնելու հանձնաժողովի կազմի վերաբերյալ: