Կոտայքի մարզում 40 օրական երեխայի մահվան գործով 2 տարվա ազատազրկման դատապարտված ՝ Հրազդանի բժշկական կենտրոնի մանկաբույժ Մարինե Հակոբյանի պաշտպանը դիմել է Վճռաբեկ:

Հիշեցնենք, որ այս գործով Հրազդանի բժշկական կենտրոնի մանկաբույժ Մարինե Հակոբյանը 2016թ.-ի նոյեմբերին առաջին ատյանի դատավճռով դատապարտվել է 2 տարվա ազատազրկման: Բժշկուհին, սակայն, նույն թվականի դեկտեմբերին Վերաքննիչ էր դիմել՝ պահանջելով արդարացում կամ գոնե պատիժը պայմանականորեն չկիրառել: Այս տարվա գարնանը Վերաքննիչը մերժել էր բողոքը:

Ըստ մեղադրական եզրակացության՝ 30 տարվա փորձ ունեցող Մարինե Հակոբյանը, քաջատեղյակ լինելով դեռեւս 2015թ. փետրվարի 3-ի լույս 4-ի գիշերը իր իսկ ցուցումով բուժում ստացած եւ հաջորդ օրն առավոտյան հարազատների ուղեկցությամբ «Հրազդան ԲԿ» բերված 40 օրական Մանեի՝ ընտանեկան բժիշկ Մելանյա Եղիազարյանի կողմից տրված «հնարավոր բակտերիալ ինֆեկցիա, ինտեստինալ սինդրոմ» ախտորոշմանը, դրսեւորել է անբարեխիղճ վերաբերմունք, չի կատարել իր մասնագիտական պարտականությունները: Նա հրաժարվել է երեխային ընդունել ստացիոնար՝ պատճառաբանելով, որ հիվանդանոցը անհրաժեշտ բժշկական սարքավորումներով հագեցած չէ եւ այդպիսով բաց է թողել տվյալ դեպքում անհրաժեշտ բժշկական օգնության եւ սպասարկման հիմնական եւ միակ ճիշտ մոտեցումը՝ հոսպիտալիզացիան. որի դեպքում հնարավոր կլիներ Մանեին ցուցաբերել բժշկական սարքավորումներով չպայմանավորված առաջնային բուժօգնություն՝ ինֆուզիոն թերապիա, հեղուկների ներարկում, հակաբիոտիկային բուժում, թթվածնաբուժություն:

Այս ամբողջը հնարավորություն կտար ձեռնարկել մահվան հետ պատճառական կապի մեջ գտնվող հիվանդությունների բուժմանն ուղղված համապատասխան գործողությունները եւ կանխել հիվանդության չարորակ, արագ ընթացքի արդյունքում «Արաբկիր» ԲԿ տեղափոխվող հիվանդ Մանեին անզգուշությամբ պատճառված մահը:

Մարինե Հակոբյանը շարունակում է աշխատել Հրազդանի բժշկական կենտրոնում, նա միակ մանկաբույժն է հիվանդանոցի: