Հունվարի լույս 30-ի գիշերը, ժամը 02.30-ի սահմաններում Ռուբինյանց 41/1 հասցեում տեղի է ունեցել վթար:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Միլենա» տաքսի ծառայության վարորդ, 32-ամյա Վահան Պապիկյանը, վարելով ՎԱԶ-2107 մակնիշի Տ 0097 համարանիշի մեքենան, դուրս է եկել հանդիպակաց գոտի, հարվածել բետոնե արգելապատնեշին եւ հայտնվել նշված հասցեում գործող «Գոշ Գազ» ընկերության գազալցակայանում:
Բախման հետեւանքով վնասվել են լցակայանի պատն ու գազալցնող ապարատը, տեղի է ունեցել գազի արտահոսք: Բարեբախտաբար, լցակայանի աշխատակիցը հասցրել է փակել փականը, այլապես կարող էր տեղի ունենալ պայթյուն, ոչ միայն այս լցակայանում, այլեւ հարեւանությամբ գործող «Մուլտի Գրուպ» ԱԳԼՃԿ-ում:
Վթարի արդյունքում վարորդը գլխի վնասվածք է ստացել եւ գլուխն ամբողջովին արյունոտ էր:
Դեպքի վայր ժամանած Երեւանի ճանապարհային ոստիկանության եւ Քանաքեռ-Զեյթունի բաժնի աշխատակիցներին վարորդը պատմել է, թե մի քանի հոգի իր մոտից գումար են հափշտակել, հարվածել գլխին, որի հետեւանքով ինքը վատ է զգացել կորցրել հավասարակշռությունը եւ ավտոմեքենայով հայտնվել գազալցակայանում:
Շտապօգնության մեքենան տաքսու վարորդին տեղափոխել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ ավտոմեքենան՝ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին:
Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում փաստի առթիվ՝ պարզելու վարորդի պատմածի իսկությունը:
Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

































