Ռուսաստանին անհրաժեշտ է Հայաստանի տարածքում ռազմական բազայի առկայությունը, գուցե ոչ այնքան ռազմական, որքան աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական տեսանկյունից։ Այս մասին հուլիսի 24-ին Երեւանում կայացած լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ռուսաստանցի արեւելագետ, քաղաքագետ Կարինե Գեւորգյանը:

Նրա խոսքով՝ այս հարցը Մոսկվայի համար չափազանց կարեւոր նշանակություն ունի. «Ինչու՞։ Որովհետեւ 2015 թվականից հետո՝ այն բանից հետո, երբ Ռուսաստանը Ասադի հրավերով մտավ Սիրիա, ՌԴ–ի մոտ, ըստ էության, ձեւավորվեց եռանկյուն։ Դա Ղրիմն է, դա Լաթաքիան է եւ դա Հայաստանն  է։ Եվ այդ եռանկյունը ռազմական տեսանկյունից թույլ է տալիս վերահսկել տարածությունը։ Ես չեմ խոսում գերիշխելու, այլ վերահսկելու մասին։ Եվ այդ տարածությունում  ցանկացած «չարաճճիություն»  որեւէ արտաքին կամ նույնիսկ ներքին ուժի կողմից քիչ հավանական են, քանի որ ՌԴ դիրքորոշումը  այստեղ բավականին ուժեղ է»,–պարզաբանեց Գեւորգյանը։

Քաղաքագետի խոսքով՝ այդ կետերից մեկի անհետացումը կփլուզի ամբողջ համակարգը եւ կբերի պաշտպանության միայն մեկ գծի ձեւավորմանը, որը նշանակալիորեն կնվազեցնի ՌԴ հակահրթիռային պաշտպանության համակարգերի արդյունավետությունը։ Հենց այդ պատճառով Հայաստանի տարածքում ռուսական ռազմաբազայի առկայությունը Կրեմլի համար այդքան անհրաժեշտ է։

Բացի այդ, արեւելագետը նկատեց, որ ՌԴ–ի համար անհրաժեշտ է Մերձավոր եւ Միջին Արեւելքում վերահսկողությունը, քանի որ այդ տարածաշրջանները վաղուց ի վեր համարվել եւ շարունակում են մնալ մայրցամաքային նշանակության եւ հաղորդակցության տարածաշրջաններ եւ դրանց նկատմամբ վերահսկողության համար պայքարը, ըստ էության, պայքար է միջազգային հաղորդակցության համար։