Ապագայում Բելգիայում կարող է վերականգնվել պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունը։ Այս մասին Վարշավայի անվտանգության ֆորումում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Թեո Ֆրանկենը։

«Բելգիայում զորակոչ չկա։ Նախկինում կար, սակայն 1990-ականներին կասեցվեց։ Հնարավոր է՝ ապագայում այն կրկին ներդրվի։ Տեսնենք»,— նշել է Բելգիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։

Միևնույն ժամանակ Ֆրանկենը խոստովանել է, որ երկրում զինապարտության վերաբերյալ դեռևս քաղաքական կոնսենսուս չի ձևավորվել։ Այդուհանդերձ, նրա խոսքով, այս թեման ակտիվորեն քննարկվում է խորհրդարանում։

Սա երիտասարդների պարտադիր զորակոչի վերաբերյալ Ֆրանկենի արդեն երկրորդ հայտարարությունն է։ Մեկ շաբաթ առաջ նա սոցցանցերում գրել էր, որ զորակոչի վերադարձը կօգներ կանխել իրադարձությունների նման զարգացումները, ինչպիսիք են անկարգություններով ուղեկցվող դպրոցականների ընթացիկ բողոքի ակցիաները Վալոնիայում և Բրյուսելում։

«Կարծում եմ՝ մենք պետք է վերադարձնենք պարտադիր զինվորական ծառայությունը։ Յուրաքանչյուր ոք պետք է սովորի աշխատել հանուն ընդհանուր բարօրության»,— պարզաբանել էր նախարարը։

Նա ընդգծել է, որ ծառայությունը պարտադիր չէ, որ լինի ռազմական. այն կարող է անցկացվել նաև առողջապահության կամ կրթության ոլորտներում։ Նախարարի կարծիքով՝ սա «իսկական հասարակական նախագիծ է», որն ուղղված է դիմակայունության և սոցիալական համախմբվածության ամրապնդմանը։