Հայաստանում չկա բանավիճելու կուլտուրա, իսկ այդ դեպքում ընտրություններից առաջ կուսակցությունների կողմից իրենց ապագա կառավարության անդամների կազմի հրապարակումը դառնալու է շոու: Այս մասին, այսօր՝ հուլիսի 24-ին, ԱԺ-ում ընտրական օրենսգրքի հարցերով աշխատանքային խմբի նիստում նշեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը՝ անդրադառնալով ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանի այդ առաջարկին:

«Կիսելով ձեր բարի ցանկությունը՝ չեմ կիսում ձեր լավատեսությունը: Օրենքի ուժով պարտադրանքի պարագայում այս առաջարկը չի կարող հավակնել դառնալ որակյալ: Այս առաջարկի դեպքում պետք է նախարարի թեկնածուները բանավիճեն, որ պարզ լինի, թե ով ինչ է ներկայացնում: Բայց որպեսզի բանավեճը կայանա, քիչ է լինել նախարարի թեկնածուներ: Այդ բանավեճի արդյունավետությունը էապես կախված է վերլուծական որակից ու դրա ազդեցությունից հանրային կարծիքի վրա: Եթե չկա առողջապահական ոլորտում փորձագիտական ներուժ, ապա մի թեկնածուն ասում է՝ ես գալիս եմ դառնալ առողջապահության նախարար եւ բոլոր վիրահատությունները կլինեն անվճար: Մյուսն էլ ասում է՝ դա հնարավոր չէ: Արդյունքում առաջինը հանրային ընկալման մեջ դրական է, երկրորդը՝ չուզող ու վատ պոտենցիալ նախարար:Երբ չկա վերլուծական հանրույթ, մարդիկ չեն կարողանալու կողմնորոշվել»,-ասաց Սեյրանյանը:

Նա հիշեցրեց, որ ժամանակին հայտարարում էին, որ ջերմուկով կարող են Հայաստանը պահել. «Հիշում եմ մարդկանց, ովքեր բաժակաճառերի նման ասում էին, թե կգան իշխանության, թոշակը կբարձրացնեն, էն մյուսը տեսավ, որ դա ժողովրդին դուր է գալիս, ասաց՝ ես 2 անգամ ավելի շատ կբարձրացնեմ: Չկար հեղինակավոր վերլուծական հանրույթը, որը կասեր, որ ապագա սոցապնախարարները երեքն էլ ստախոս են ու ֆոկուսնիկ»,-նշեց Սեյրանյանը՝ հավելելով, որ եթե որակյալ բանավեճ չկազմակերպվի, դա կդառնա շոու:

Նա մեկ այլ խնդիր էլ բարձրացրեց՝ նշելով, որ այս համակարգի պարագայում մարդիկ անուղղակի ընտրություն են կատարելու կառավարության կազմերի միջեւ, ոչ թե պատգամավորների. «Այսինքն, եթե մեկն ասում է, որ իմ սպորտի նախարարը լինելու է Ջորկաեֆը, կարող է շատ քվե ստանալ, չնայած ընտրողը այդ քաղաքական ուժի ոչ ծրագրի հետ է համաձայն, ոչ պատգամավորների ցանկի: Այսինքն այստեղ մանիպուլյացիայի տարր կա»:

Սպարտակ Սեյրանյանը հայտարարեց նաեւ, որ եթե քաղաքական ուժը հայտարարում է, որ իր հաղթելու դեպքում՝ այս մարդուն դնելու է նախարար, հետո չի դնում, ստացվում է խաբեց ընտրողին, մինչդեռ որոշման փոփոխությունը կարող է լինել նաեւ օբյեկտիվ պատճառով:

Նա նաեւ նկատեց, որ կան փոքր քաղաքական ուժեր, որոնք հավակնում են միայն հաղթահարել 4-5 տոկոսի շեմն ու հայտնվել ԱԺ-ում, որտեղ կկարողանան ներկայացնել իրենց ծրագրերը. «Այդ ուժը, ենթադրենք, չի հավակնում իշխանություն ձեւավորել, ավելին, հայտըարարում է, որ ընդդիմություն է լինելու ու դու պարտադրում ես նրան կառավարության կազմ նշել, նրան դնում ես ծանր վիճակի մեջ: Նա չի ուզում կառավարություն ձեւավորել, ոչ էլ ունի կրթության կամ առողջապահության նախարարի թեկնածու»:

ՀՅԴ-ական պատգամավորի խոսքով, ցանկացած առաջարկ պետք է համապատասխանի հասարակության ու քաղաքական ուժերի զարգացվածության մակարդակին. «Եթե մենք չենք կարողանալու որակյալ բանավեճեր կազմակերպել, իսկ ես համոզված եմ, որ չենք կարողանալու, դա դառնալու է շոու»:

Ի պատասխան Խոսրով Հարությունյանն ասաց, որ ավելի համոզվեց, որ առաջարկը ճիշտ է: «Սա բարի ցանկությունների շարքից չէ, սա համակարգաստեղծ առաջարկություն է: Իսկ առանց այս առաջարկի նախընտրական մրցապայքարը շոու չէ՞, խոստումների կույտ չէ՞»,-հարց ուղղեց նա՝ հավելելով, որ այս առաջարկը կխթանի, որ այդ փորձագիտական հանրույթը ձեւավորվի, զարգանա,  նաեւ ընտրողին կրթեոլւ խնդիրն է լուծում: