ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում չարաշահումներ են բացահայտվել թաղման ծիսակատարությունների եւ սգո ծառայությունների մատուցման ընթացքում, պարզվել դրանց մեխանիզմը։
ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ նախնական քննության տվյալներով՝ թաղման ծիսակատարություններ եւ սգո ծառայություններ մատուցող «ՌԵՔՎԻԵՄ» ՍՊ ընկերության տնօրինությունը 2014-2016թթ.ընթացքում հարկային տեսչություն ներկայացրած հաշվարկներում շահույթի, շրջանառության, եկամտի վերաբերյալ ներառել է կեղծ տվյալներ՝ առերեւույթ խուսափելով հարկային պարտավորությունների լիարժեք կատարումից։
Այսպես՝ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն ՝ ընկերության տնօրենը, հարկերի վճարումից խուսափելու նպատակով խախտելով «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի, նույն օրենքի 7-րդ հոդվածի եւ «ՀՀ եւ ԵՏՄ անդամ պետությունների միջեւ անուղղակի հարկերի հաշվառման եւ վճարման առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, 2014-2016թթ. ընթացքում ընկերության իրականացրած գործունեության վերաբերյալ տարածքային հարկային տեսչություն է ներկայացրել ակնհայտ կեղծ տվյալներ։
Այն է`
- 2015-2016 թթ. հաշվետու ժամանակահատվածների համար հարկային տեսչություն է ներկայացրել միայն շրջանառության հարկի հաշվարկներ, մինչդեռ նույն ժամանակահատվածի համար սահմանված կարգով պետք է ներկայացներ նաեւ շահութահարկի եւ ավելացված արժեքի հարկի մասով հաշվարկներ:
- 2014թ. 4-րդ եռամսյակի համար կազմված շրջանառության հարկի հաշվարկում պակաս է հաշվարկել ընկերության շրջանառության հարկի շրջանառությունը:
- 2016թ. մարտ ամսին ԵՏՄ անդամ պետությունից ներմուծված ապրանքների դիմաց հարկային տեսչություն ներկայացրած ներմուծման հարկային հայտարարագրում պակաս է նշել ավելացված արժեքի հարկի հարկվող բազան, ինչպես նաեւ չի հաշվարկել եւ վճարել ներմուծված ապրանքների համար վճարման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարը:
Միեւնույն ժամանակ, խախտելով «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի եւ ՀՀ կառավարության կողմից 25.07.2013թ-ին թիվ 1259-Ն որոշմամբ ընդունված «Աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձեւակերպելու փաստն արձանագրելու» կարգի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չի ձեւակերպել իր ընկերությունում փաստացի աշխատող թվով 8 անձի աշխատանքի ընդունումը, ինչպես նաեւ՝ եկամտային հարկի հաշվարկներում չի ներկայացրել այդ աշխատակիցների մասով վճարված եկամուտներն ու այդ եկամուտներից պահվող հարկի գումարները:
Դատահաշվապահական փորձաքննության եզրակացության համաձայն՝ պետությանը պատճառված վնասը գնահատվել է 15.267.217 դրամ՝ ներառյալ տույժերն ու տուգանքները:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՍՊ ընկերության հիմնադիր-տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերով: Մեղադրյալի կողմից նախաքննության ընթացքում մասնակի՝ 6,7 մլն դրամի չափով, վերականգնվել է պետությանը պատճառված վնասը, իսկ մնացածի վճարումը կիրականացվի հարկային մարմնի հետ կնքվելիք ժամանակացույցին համապատասխան:
Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է։





























