Ավստրիայի Դորնբիրն քաղաքում հունվարի 26-ին Ֆորարլբերգ երկրամասի ORF հեռուստաընկերությունում տեղի է ունեցել «Հայաստան. հուսահատության եւ հույսի միջեւ» վավերագրական ֆիլմի շնորհանդեսը: ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ֆիլմի շնորհանդեսին ներկա են գտնվել Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը, Ֆորարլբերգի երկրամասի խորհրդարանի նախագահ Բերնադետե Մեննելին, երկրամասի բարձրաստիճան պաշտոնյաներ, Լիխտենշտեյնի կառավարության անդամները, Ավստրիայի հայ համայնքի ներկայացուցիչներ, բազմաթիվ հյուրեր:

Ֆիլմը ստեղծվել է 2010 թ. սեպտեմբերին ORF-ի ներկայացուցիչների Հայաստան այցելության ընթացքում կատարված նկարահանումների հիման վրա եւ ներկայացնում է Ավստրիայի Caritas-ի կողմից Հայաստանում իրականացված եւ իրականացվելիք ծրագրերը:

Ֆորարլբերգի Caritas-ը եւ Լիխտենշտեյնի կառավարությունը ֆինանսավորում են Հայաստանում «Միգրացիա եւ զարգացում» ծրագիրը: Լիխտենշտեյնի կառավարությունը այս ծրագրի համար հատկացրել է շուրջ 585.000 եվրո, իսկ Ֆորարլբերգի Caritas-ը` 130.000 եվրո: