Հոլիվուդի Տաղլյան մշակութային կենտրոնում հունվարի 27-ին կայացել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում հավատարմագրված դիվանագետների հերթական հավաքը, որի հյուրընկալությունն արդեն երկրորդ անգամ ստանձնում է Լոս Անջելեսում Հայաստանի Գլխավոր հյուպատոսությունը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարբերական հավաքին մասնակցել են մոտ վեց տասնյակ երկրի դիվանագետ եւ ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչներ:

Ավանդույթի համաձայն, ամենամյա հավաքի ընթացքում, օտարերկրյա հյուպատոսները ողջունել են Լոս Անջելեսի դիվանագիտական կորպուսին նոր միացած անդամներին:

Հանդիպման գլխավոր բանախոսն է եղել քաղաքագետ Դարիուս Ուդրիսը, ով Education for Democratic Citizenship կառույցի ղեկավարն է:

Հայկական մշակութային կոնտրոնում հյուրընկալելով Լոս Անջելեսի դիվանագիտական համայնքի ներկայացուցիչներին` ԼԱ-ում ՀՀ գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը հույս է հայտնել, որ անկաշկանդ, ջերմ եւ անմիջական մթնոլորտում սկսած տարին բարեբեր կլինի թե առանձին երկրների ներկայացուցչությունների, թե միմյանց հետ շփման ու համարձակ ծրագրեր իրականացնելու համար:

Հավաքին ներկա է եղել նաեւ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի հայազգի անդամ Փոլ Գրիգորյանը: