Մոսկվայի քննիչներն ուսումնասիրում են տեսահսկման խցիկների տեսանյութը, որոնք տեղադրված էին շենքի մուտքում, որտեղ Խաչատուրյան երեք քույրերը սպանել էին իրենց հորը, իր «ՏամՏամ» ալիքում հայտնում է Քննչական կոմիտեն:

Գերատեսչության հաղորդագրությունն ուղեկցվում է 19 վայրկյան տեւողությամբ տեսանյութով, որում քույրերից մեկը շփոթահար քայլում է մուտքում վերելակի մոտ:

Մոսկվայի հյուսիս-արեւելքում երեք աղջիկները իրենց հորը դանակահարել են անձնական անբարյացակամության պատճառով, նրանց մեղադրանք է առաջադրվել, ավելի վաղ հայտնել էր Մոսկվայի քննչական վարչությունը: Հաստատվել է, որ հուլիսի 27-ի երեկոյան Ալտուֆիեւսկի խճուղու վրա գտնվող շենքի սանդղահարթակում հայտնաբերվել է 57-ամյա տղամարդու դիակ՝ պարանոցի ու կրծքավանդակի կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով: Իրավապահ մարմիններում «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրի խոսքով՝ աղջիկները պնդում են, որ տղամարդը լինելով թմրամիջոցների ազդեցության տակ՝ ինքն է առաջինը դանակով հարձակվել իրենց վրա, իրենք ստիպված էին պաշտպանվել:

Աղբյուրի տեղեկություններով՝ 11-րդ դասարանում սովորող կրտսեր քույրը հորը հասցրել է առնվազն 35 դանակահարված պարանոցի եւ մարմնի տարբեր մասերին: Մյուս երկու աղջիկները հարվածել են հոր գլխին եւ դեմքին ցողել գազի բալոնից: Դրանից հետո քույրերից մեկը կրտսերի ձեռքից խլել է դանակը եւ հարվածել տղամարդու սրտի շրջանին: Սպանությունից հետո ամենափոքր աղջիկը զանգահարել է ոստիկանություն՝ իրավապահներին պատմելով տեղի ունեցածի մասին: Հինգշաբթի Մոսկվայի Օստանկինսկի դատարանը երեք քույրերին կալանավորել է: