Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ) համերաշխություն է հայտնում Սաուդյան Արաբիայի դիրքորոշմանը, որը մերժում է արտաքին միջամտությունն իր ներքին գործերին: Այս մասին նշվում է տարածաշրջանային միության հայտարարության մեջ, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Al Arab Al Yawm պարբերականը:
«Լիգայի գլխավոր քարտուղարությունը մեծ ուշադրությամբ հետեւում է Սաուդյան Արաբիայի եւ Կանադայի միջեւ դիվանագիտական վեճի զարգացումներին, որ արտացոլում են որոշ երկրների անբարենպաստ մոտեցումը, որոնք թույլ են տալիս իրենց քննադատել որոշ պետություններին եւ թելադրել նրանց այն, ինչ վերաբերում է ներքին գործերին: Այս առումով մենք կրկին հաստատում ենք մեր աջակցությունը թագավորության դիրքորոշման, որը մերժում է միջամտությունն իր ներքին գործերին»:
Կանադայի ԱԳ նախարար Քրիթիա Ֆրիլանդը հինգշաբթի հայտարարել էր, որ «չափազանց անհանգստացած» է Սաուդյան Արաբիայում իրավապաշտպան Սամար Բադաուիի՝ բլոգեր Ռաիֆ Բադաուիի քրոջ կալանավորմամբ, եւ կոչ էր արել երկուսին էլ ազատել:
«Սաուդյան Արաբիայի լիբերալ համացանց» կայքի հիմնադիր Ռաիֆ Բադաուին կալանավորվել էր 2012 թվականին թագավորության հոգեւորականությանը եւ կրոնական ոստիկանությանը քննադատելու համար: Նրան մեղադրում են նաեւ իսլամը վիրավորելու, կիբեռհանցագործությունների եւ հորը չենթարկվելու համար, ինչը Սաուդյան Արաբիայում համարվում է հանցագործություն: Բադաուին կրում է 10-ամյա բանտարկության պատիժ: Կանադացի դիվանագետների հայտարարություններից հետո Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն Օտավայում իր դեսպանին հետ էր կանչել, ինչպես նաեւ Էր Ռիադում Կանադայի դեսպանին անցանկալի անձ էր հայտարարել՝ նրան 24 ժամ տալով երկրից հեռանալու համար: Դրանից բացի, Սաուդյան Արաբիան հայտարարել էր Կանադայի հետ բոլոր նոր առեւտրային ու ֆինանսական գործարքները սառեցնելու մասին, կասեցրել էր համատեղ կրթական ծրագրերը եւ սաուդցի ուսանողներին Կանադա ուղարկելը:





























