Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանի ուղեկցությամբ այսօր՝ օգոստոսի 8-ին շրջայց է կատարել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Շրջայցի ընթացքում առաջին հանդիպումը քրեակատարողական հիմնարկի անձնակազմի հետ էր, որոնց ուղղված խոսքում նախարարը նշել է, որ հանրության սպասելիքները մեծ են քրեակատարողական համակարգից, և որ տարիների ընթացքում պատժի կատարումն ապահովող ծառայության վերաբերյալ հանրության շրջանում կան ձևավորված կարծրատիպային ընկալումներ՝ թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ դրդապատճառներով: Նախարարն ընդգծել է, որ քրեակատարողական ծառայությունում իրականացվող բարեփոխումները պետք է տեսանելի դառնան նաև հասարակությանը, որի իրագործման քաղաքական կամքն ու շարժառիթը ներկայիս Կառավարությունն ունի:
Այնուհետև, նախարար Զեյնալյանը ՔԿԾ պետ Արտյոմ Մխոյանի և «Արմավիր» ՔԿՀ պետ Խաչիկ Հարությունյանի ուղեկցությամբ քրեակատարողական հիմնարկում կատարած շրջայցի ընթացքում ծանոթացել է կարճատև տեսակցությունների համար նախատեսված խցերին և տեղում քննարկել դատապարտյալների հետ նրանց հարազատների անմիջական շփումն ապահովելու նպատակով դրանց բարելավման հնարավոր տարբերակները: Շրջայցը շարունակվել է քրեակատարողական հիմնարկի բուժմասում, որտեղ նախարարին զեկուցվել են դատապարտյալների առողջության առաջնային պահպանման համար ՔԿՀ-ում առկա հնարավորությունները: Նախարարը եղել է նաև քրեակատարողական հիմնարկի խոհանոցում, ծանոթացել մատուցվող սննդացանկին և դրա պատրաստման պայմաններին, իսկ գրադարանում ծանոթացել է ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից իրականացվող կրթական ծրագրերին և դատապարտյալների կողմից դրանց հաճախելիության ցուցանիշներին:
Նախարարի շրջայցը շարունակվել է «Արմավիր» ՔԿՀ-ի 1-ին 2-րդ 4-րդ մասնաշենքերում, որտեղ նա տեղում ծանոթացել է բանտախցերում դատապարտյալների պահման պայմաններին, զբոսանքի տևողությանը և մի շարք այլ հարցերի:
Արտակ Զեյնալյանը շրջայցի ընթացքում նաև կարճատև զրույց է ունեցել որոշ ցմահ դատապարտյալների հետ, լսել նրանց խոսքը՝ փորձելով իրավունքի և լիազորությունների շրջանակում օգտակար լինել նրանց:





























