Չինաստանի, Ռուսաստանի եւ Հնդկաստանի իշխանությունները մտադիր են շարունակել գնել իրանական նավթը՝ չնայած Իրանի դեմ ԱՄՆ-ի կիրառած պատժամիջոցներին, հաղորդում է ՌԲԿ-ն՝ հղում անելով The Wall Street Journal-ին:

Թերթը նշում է, որ ԱՄՆ-ի սահմանած սահմանափակումները կդժվարացնեն Իրանում նավթային հանքավայրերում օտարերկրյա ներդրողների ներդրումները:

«Ասիական նավթային ներդրողներն իրանական նախագծերում վերջին ամիսներին հայտնաբերել են, որ իրենք չեն կարող ապավինել Արաբական Միացյալ Էմիրություններում իրենց բանկային գործընկերներին  Իրանում իրականացվող ծրագրերին միջոցներ փոխանցելու համար», - գրում է թերթը:

Ըստ նավթային ընկերությունների ներկայացուցիչների եւ նավթի եւ գազի հանքավայերերի աշխատակիցների, ներկա իրավիճակի հետ կապված, միլիարդավոր դոլարների մի քանի գործարքներ հետաձգվել են:

Չինաստանի Sinopec ընկերությունը բանակցություններ է վարել Թեհրանում հսկա նավթային հանքավայրում  3 մլրդ դոլարի ներդրման մասին: Sinopec-ին մոտ աղբյուրների խոսքով, գործարքը պետք է տեղի ունենար հուլիսին, սակայն չինական ընկերությունը մինչ այսօր փորձում է համապատասխան բանկային ուղիներ գտնել տրանզակցիայի համար:

Նման խնդիրներ են առաջացել նաեւ  China National Petroleum Corp.-ի մոտ (CNPC): Պետական ընկերությունը նախատեսում է 1 մլրդ դոլար ներդնել  իրանական բնական գազի արտադրության նախագծում, սակայն այժմ ԱՄՆ-ի պատժամիջոցների հետ կապված հնարավոր է համարում գործարքից դուրս գալը :

Ռուսական «Զարուբեժնեֆտը», ինչպես նշում է WSJ-ն, մարտին պայմանավորվել էր 700 մլն դոլարի երկու փոքր հանքավայրերի շահագործման վերաբերյալ նախնական գործարքի մասին:

Բացի այդ, Հնդկաստանի ONGC եւ Ինդոնեզիայի Pertamina ընկերությունները, որոնք պայմանավորվել են ներդրումներ կատարել Իրանում նավթային եւ գազային հանքավայրերում, այժմ վստահ չեն ներդրումներ կատարելու հարցում:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 6-ին հրամանագիր էր ստորագրել 2015 թվականի Իրանի նկատմամբ կիրառված պատժամիջոցները վերականգնելու մասին: Պատժամիջոցների առաջին մասը վերսկսվել  է օգոստոսի 7-ին, իսկ սահմանափակումների երկրորդ մասը ուժի մեջ կմտնի նոյեմբերի 5-ին: