Լոնդոնի նախկին քաղաքապետ եւ Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնը հրաժարվել է ներողություն խնդրել իսլամական հագուստով կանանց մասին կատակի համար, չնայած, որ դա նրանից պահանջել էր Պահպանողական կուսակցության նախագահը, հաղորդում է BBC-ն:

Ջոնսոնը քննադատության ալիքի տակ է հայտնվել այն բանից հետո, երբ հայտարարել էր, որ նիկաբով մուսուլման կանայք նման են փոստարկղերին եւ նրանց համեմատել է բանկերը թալանողների հետ:

Քննադատները Ջոնսոնի արտահայտությունները վիրավորական ու սադրիչ են անվանել:

Daily Telegraph թերթում Ջոնսոնի հոդվածի սուր մտքերը մուսուլմանական խմբերի, Ջոնսոնի որոշ գործընկերների եւ լեյբորիստական ընդդիմության վրդովմունքն են առաջացրել: Ջոնսոնն իր հոդվածում արտահայտվել էր դեմքը ծածկող հագուստի նկատմամբ օրենսդրական արգելքի դեմ, բայց նաեւ նշել, որ դրանք «հիմար տեսք ունեն»: