Վենեսուելայի իշխանությունները պարզել են օգոստոսի 4-ին նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ մահափորձի անմիջական մասնակիցների ճշգրիտ թիվը: Այս մասին հայտարարել է երկրի գլխավոր դատախազ Տարեկ Ուիլյամ Սաաբը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով, հարցաքննություններից, մի քանի խուզարկություններից եւ փորձաքննություններից հետո պարզվել է մահափորձին 19 անձանց անմիջական ներգրավվածությունը: Նա նշել է, որ նրանք, ովքեր ենթադրաբար վճարել են պետության ղեկավարի սպանության փորձի համար, արտերկրում են:
Խոսքը Կոլումբիայում բնակվող Ռայդերս Ռուսոյի, Բոլիվարական ազգային գվարդիայի գնդապետ Օսվալդո Գարսիայի եւ ԱՄՆ-ում գտնվող Օսման Դելգադոյի մասին է:
Վենեսուելայի գլխավոր դատախազը նաեւ հավելել է, որ երկրի իշխանությունները պատրաստում են հարցումներ ուղարկել ԱՄՆ-ի եւ Կոլումբիայի իշխանություններին՝ մադուրոյի դեմ մահափորձի հետաքննությանն օգնելու համար:
Օգոստոսի 4-ին Կարակասում ելույթի ժամանակ Վենեսուելայի նախագահի դեմ անօդաչուների օգտագործմամն մահափորձ էր կատարվել: Անօդաչուները ոչնչացվել էին, անվտանգության ուժերի 7 աշխատակից վիրավորվել էր: Մադուրոն եւ երկրի բարձրագույն ղեկավարության անդամները չէին տուժել:
Բոլիվարյան Հանրապետության առաջնորդը կատարվածում մեղադրել էր «Վենեսուելայի եւ կոլումբացի աջ արմատականներին» եւ Խուան Մանուել Սանտոսին, որն այդ ժամանակ ղեկավարում էր Կոլումբիան: Մադուրոն նաեւ ենթադրել էր, որ նրան սպանելու մտադրություն ունեցողներից ոմանք ապրում են ԱՄՆ-ում: Ավելի վաղ ներքին գործերի նախարար Նեստոր Ռեւերոլն ասել էր, որ գործով վեց կասկածյալի ձերբակալել են:
Կոլումբիայի ԱԳՆ-ն Մադուրոյի մեղադրանքներն անհեթեթ է անվանել: Վենեսուելական ընդդիմությունը անպատասխանատու է անվանել կատարվածում իրեն մեղադրելու փորձերը:





























