ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն, մտահոգված լինելով Հայ Ազգային կոնգրես կուսակցության անդամ Զոյա Թադեւոսյանի՝ հուլիսի 31-ին «Հայելի» ակումբում արված հակասահմանադրական արտահայտությունների առիթով, խորհդակցություն է հրավիրել եւ քննարկումների արդյունքում եկել համոզման, որ Զոյա Թադեւոսյանի հայտարարությունները, ըստ ԱՀ գործող օրենսդրության, քրեօրեն պատժելի արարք են, քանի որ դրանով հարցականի տակ է դրվել Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը:
ՀՅԴ Արցախի ԿԿ-ն իրավական գործընթաց է սկսել: «Ապառաժ»-ի հետ զրույցում ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը հաղորդել է, որ օգոստոսի 8-ին Կենտրոնական Կոմիտեն առերեւույթ կատարված հանցագործության փաստի վերաբերյալ հաղորդում է ներկայացրել ԱՀ դատախազություն:
«Պետք է նկատի ունենալ, որ Զոյա Թադեւոսյանը չի վարկաբեկել որեւէ անհատի: Այդ պարագայում ներողությունը, ափսոսանքը կարող էր նշանակություն ունենալ: Տվյալ անձնավորությունն այս պարագային շատ ավելի բարձր արժեքներ է ոտնահարել, որը պահանջում է պետական մակարդակով իրավական գնահատական: Համոզված ենք, որ իրավական ճիշտ գնահատականը նախադեպ կդառնա բացառելու այլ անձանց կամ կազմակերպությունների կողմից նմանօրինակ արարքների կատարումը կանխելու համար»,- ասել է Դավիթ Իշխանյանը:





























