Երեւանի Աճառյան փողոցի թիվ 102 էլեկտրական սյան դիմաց փետրվարի 1-ին ժամը 09:00-ի սահմաններում, «Գրանդ Չերոկի» (ՋԻՓ) մակնիշի 03 ԼՏ 279 համարանիշի ավտոմեքենայի սեփականատեր եւ վարորդ 31-ամյա Հրաչյա Հովհաննիսյանը ընդհարվել է «Միթսուբիշի Պաջեռո» մակնիշի 147 ՍԼ 25 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հ. Հովհաննիսյանն աշխատում է Պետեկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչությունում որպես արագ հակաազդման բաժնի մասնագետ:
«Միթսուբիշին» պատկանում է Արտաշատի պահածոների գործարան ընկերությանը: Այն վարել է 24-ամյա Արամ Գեւորգյանը, ով աշխատում է նույն ընկերությունում որպես Շուկայի զարգացման պատասխանատու:
Վթարի հետեւանքով վարորդ Գեւորգյանը եւ ուղեւոր 31-ամյա Արտակ Մկրտչյանը, ով նույնպես աշխատում է նույն ընկերությունում, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Վթարի վայրում աշխատանքները ղեկավարել է Հայաստանի ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհա-տրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Մանվել Մուրադյանը: Նա դեպքի վայրում տեղազննման աշխատանքներ կատարելուց հետո մեկնել է բժշկական կենտրոն: Նրա հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվեցին ՃՈ տուգանային հրապարակ:
Երեւանի ՃՏՀ քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում:


Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի




























