Փաստաբաններն առաջին անգամ այցելել են Մոսկվայի քննչական մեկուսարանում գտնվող Խաչատրյան քույրերին, որոնք մեղադրվում են իրենց հոր դաժան սպանության համար, իսկ գործում նոր սկանդալային մանրամասներ են հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը:
Պարբերականի համաձայն՝ շտապ հոգեբանական օգնություն քույրերին ստիպված էին ցուցաբերել չորեքշաբթի օրը՝ փաստաբանների հետ նրանց առաջին հանդիպման ժամանակ: Պաշտպանների կարծիքով՝ բոլոր երեքը քույրերը գտնվում են չափազանց ճնշված վիճակում:
Մինչդեռ, ինչպես գրում են ԶԼՄ-ները, գործի մեջ նոր սկանդալային մանրամասներ են հայտնվում. հայտնի է դարձել, որ մահացածի հարազատները բնակարանից վերցրել են օբյեկտիվ քննության համար անհրաժեշտ մի շարք փաստաթղթեր:
Միջնեկ քույր Անգելինայի փաստաբան Ալեքսեյ Պարշինի խոսքով՝ քննչական մեկուսարանում առաջին հանդիպումը տեւել է մոտ 4 ժամ: «Մեր ամբողջ թիմը չորեքշաբթի օրը հանդիպել էր իր պաշտպանյալների հետ՝ յուրաքանչյուրն իր առանձին վստահորդի հետ: Հանդիպման ընթացքում մեզ վերջապես հաջողվեց ծանոթանալ, նորմալ շփվել, զրուցել»:
Ըստ փաստաբանի՝ բացի բուն գործի հետ կապված աջակցությունից, ինքը ստիպված էր նաեւ հոգեբանական օգնություն ցուցաբերել: «Որոշ առումով ես ստիպված էի որպես հոգեբան աշխատել, քանի որ աղջիկները մոլորված են, ճնշված եւ չգիտեն, թե ինչ է տեղի ունենում, քանի որ այժմ գտնվում են մեկուսացման պայմաններում՝ չունեն ո՛չ հեռուստացույց, ո՛չ ռադիո», - ասաց փաստաբանը:
Նա հավելեց, որ մոտ ապագայում քույրերի մոտ, հնարավոր է, հոգեբանների թույլ տան գնալ, որոնք կկարողանան մասնագիտական օգնություն ցուցաբերել, ինչպես նաեւ ուսուցիչներ, որոնց հետ աղջիկները կպարապեն դպրոցական ուսումնական ծրագրով:
«Ընդհանուր առմամբ, կալանքի պայմաններում ամեն ինչ շատ թե քիչ նորմալ է: Մայրը նրանց համար չորեքշաբթի օրը կապոց է ուղարկել, այնպես որ մոտակա օրերին նրանք արդեն հագուստ, անձնական հիգիենայի իրեր կունենան: Նրանց հաշիվներին որոշակի գումար է փոխանցվել, որպեսզի նրանք կարողանան ինչ-որ բան պատվիրել խանութից: Միակ բանը, ինչից նրանք դժգոհում են, մեկուսացում է»,- պարզաբանեց փաստաբանը եւ հիշեցրեց, որ օգոստոսի 20-ին Մոսկվայի քաղաքային դատարանը կքննի Օստանկինոյի դատարանի՝ աղջիկներին ձերբակալելու որոշման դեմ վերաքննիչ բողոքարկումը:
Բացի այդ, փաստաբան Պարշինը պարզաբանեց բնակարանի հետ կապված իրավիճակը, որտեղ եւ տեղի էր ունեցել միջադեպը: Ինչպես պարզվել է, Միխայիլ Խաչատրյանի եղբորորդին՝ Արսենը, ինչպես նաեւ մահացածի մյուս հարազատները ներխուժել են բնակարան, փոխել են կողպեքները եւ մի շարք իրեր են դուրս բերել, որոնք կարող են ազդել գործի վրա:
«Բնակարանում, որտեղ տեղի է ունեցել ողբերգությունը, գրանցված է մայրը եւ աղջիկներից մեկը: Ընդ որում, աղջիկների մորը հարազատները բնակարան թույլ չեն տվել մտնել, փոխել են կողպեքները եւ մի քանի օրվա ընթացքում շատ իրեր են դուրս բերել: Մենք հաստատ գիտենք, որ կորչել են աղջիկներին բնութագրող փաստաթղթերը եւ նրանց առողջության վիճակի վերաբերյալ փաստաթղթերը»,- պատմեց փաստաբանը:
Պաշտպանը նաեւ մեկնաբանեց անվտանգության ծառայություններում անանուն աղբյուրի խոսքերը, որը մի քանի լրատվամիջոցներին հայտարարել էր, որ փորձաքննությունները չեն հաստատել, որ հայրը բռնություն է գործադրել աղջիկների նկատմամբ:
«Փորձաքննությունը միակ ապացույցն է, քննությունը շարունակվում է, եւ այժմ վաղաժամ է որեւէ եզրակացություն անել», - ասաց նա:
17-ամյա Մարիա Խաչատուրյանի փաստաբան Յարոսլավ Պակուլինի խոսքով՝ նրա վստահորդը մոտ օրերս պետք է հանդիպի աղջիկների մոր հետ, որը միաժամանակ անչափահասի օրինական ներկայացուցիչն է հանդիսանում: Նրա խոսքով՝ Մարիան, ինչպես եւ նրա քույրերը, ճնշված հոգեբանական վիճակում են գտնվում. «Մարիան շատ ճնշված է, շատ անհանգստացած է մոր համար, կարոտում է նրան»:




























