ՀՀ վարչապետի խորհրդական Նիկոլայ Բաղդասարյանն ու ՊՆ մարդու իրավունքների եւ բարեվարքության կենտրոնի պետ Ալեքսանդր Ավետիսյանն այսօր՝ օգոստոսի 9-ին ընդունել են զորացրված մի խումբ զինծառայողների, ովքեր պահանջում են զինվորական գրքույկներում արձանագրել՝ 2016 թվականի ապրիլյան քառօրյա մարտերին իրենց մասնակցության փաստը։

Այս մասին հանդիպման մասնակիցներին ներկայացվել են 2016 թվականի ապրիլին տեղի ունեցած մարտերին վերաբերող իրավական դրույթները, զինգրքույկներում մարտերին մասնակցությունը հավաստող նշումների կարգը։ Զորացրված զինծառայողներն իրենց հերթին ներկայացրել են հիմնավորումներն առ այն, որ որոշակի մասնակցություն են ունեցել ապրիլյան քառօրյա գործողություններում, մինչդեռ զինվորական գրքույկներում որևէ նշում այդ մասին չի կատարվել։

Նիկոլայ Բաղդասարյանը տեղեկացրել է, որ վարչապետի հանձնարարությամբ առաջիկայում ուսումնասիրվելու են ապրիլյան մարտական գործողություններում ներգրավված ստորաբաժանումների փաստաթղթերը, մասնավորապես վերանայվելու է մասնակիցների ցանկը, որի շնորհիվ էլ ուշադրության կենտրոնում կհայտնվեն զորացրված տղաների բարձրացված հարցերը։