Կարսի քաղաքային խորհուրդը ձայների մեծամասնությամբ որոշում է կայացրել ապամոնտաժել Թուրքիայի վարչապետի կողմից «հրեշավոր» անվանված արձանը, որը ստեղծվել է խորհրդանշելու հայ-թուրքական բարեկամությունը։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  Կարսի քաղաքապետ Նեւզաթ Բոզքուշը լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է, որ Հուշարձանների բարձագույն խորհուրդի պահանջին համապատասխան իրենք քաղաքային խորհրդում քվեարկություն էին կազմակերպել։ Քաղաքապետի խոսքով՝  քաղաքային խորհրդի 23 անդամներից 19-ը կողմ են քվեարկել հուշարձանի ապամոնտաժմանը։

«Հուշարձանի ապամոնտաժումը կլինի մաս-մաս՝ վերեւից ներքեւ։ Հատուկ կռունկներով արձանի հատվածները կիջեցվեն ներքեւ եւ կտեղափոխվեն հարմար մի վայր»,- նշել է Կարսի քաղաքապետը։

Նշենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կարս կատարած այցի ժամանակ «հրեշավոր» էր անվանել հայ-թուրքական բարեկամության նվիրված հուշարձանը եւ հրահանգել քանդել այն։

Կարսի նախկին քաղաքապետ Նաիֆ Ալիբեյօղլուն տարիներ առաջ նախաձեռնել էր հսկա արձանի ստեղծումը, որը պետք է խորհրդանշեր հայ-թուրքական բարեկամությունը եւ խաղաղությունը: Սակայն 2009-ին քաղաքապետի ընտրություններում նա պարտություն կրեց: Անավարտ արձանը  անորոշ  ճակատագրով տեղադրվեց Կարսի հին հայկական թաղամասին կից գտնվող բարձունքում։